Իրանահայ համայնքն օժանդակություն է ցուցաբերել Մարտակերտի շրջանի Կիչանի և Նոր Ղազանչիի միջնակարգ դպրոցին:
Կիչանի և Նոր Ղազանչիի դպրոցն օժանդակություն է ստացել իրանահայ համայնքից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Փետրվարի 2-ին իրանահայ համայնքի «Զարթօնք» պարախմբի հանձնախմբի անդամներն այցելել են Կիչանի և Նոր Ղազանչիի դպրոց և կրթօջախին մարզական գույք են նվիրաբերել. ծրագիրն իրականացվել է ԼՂՀ պաշտպանության բանակին կից կանանց խորհուրդի միջամտությամբ:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նախաձեռնության ղեկավար, «Զարթօնք» պարախմբի գեղարվեստական ղեկավար և պարուսույց Լորետա Ավեդիսյանը տեղեկացրել է, որ մարզական գույքը նախատեսված է 60 աշակերտի համար:
«Մեզ համար մեծ պատիվ է լինել այս դպրոցում: Հուսով եմ՝ մեր բերած «Պինգ-պոնգ»-ի սեղանը, գնդակները և «Ֆիզկուլտուրա» առարկան պատշաճ կերպով անցկացնելու համար նախատեսված պարագաները կօգնեն դպրոցի ուսուցիչներին էլ ավելի արդյունավետ կազմակերպել դասապրոցեսը: Մեր համայնքը մշտապես կանգնած է հայրենի Արցախի կողքին: Եթե լինում են նվիրահավաք նախագծեր, ամբողջ համայնքն է ոտքի կանգնում, որ կարողանա որևէ ձևով օգտակար լինել հայրենիքին»,- մանրամասնել է Լ. Ավեդիսյանը՝ հավելելով, որ նախաձեռնությունը շարունակական է լինելու:
Ցուցաբերած օժանդակության համար իրանահայ համայնքի ներկայացուցիչներին դպրոցի ուսուցչական կոլեկտիվի անունից շնորհակալություն է հայտնել տնօրեն Կարինե Ասրյանը:
«Զարթօնք» պարախմբի հանձնախմբի պատասխանատու Վահիկ Ասցատրյան էլ, անդրադառնալով իրանահայ համայնքի կյանքին, նշել է, որ Թեհրանում այժմ ապրում է ավելի քան 30 000 հայ: «Հայ համայնքն լավագույնս պահպանում է ազգային ինքնությունը: Մենք ունենք մեր եկեղեցիները, մեր մարզամշակութային, կրթական և այլ համայնքային օջախներ, որոնք նպաստում են ներհամայնքային ակտիվ կենսագործունեությանը»,- մասնավորապես ասել է Վ. Ասցատրյանը և հավելել, որ իրանահայ համայնքի կրթամշակութային կյանքը կենտրոնացած Է Թեհրանում:
Սփյուռքահայ հյուրերը հետաքրքրվել են դպրոցի այլ խնդիրներով ևս՝ հետագայում դրանց լուծմանն աջակցելու նպատակով: