ՀՀ սփյուռքի նախարարությունում այսօր` փետրվարի 10-ին, տեղի է ունեցել «Զբոսաշրջությունը Հայաստանում և Արցախում–սփյուռքահայերը զբոսաշրջության ոլորտում» թեմայով կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել է նաև ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը:
Երևանում քննարկվել են Արցախում զբոսաշրջության զարգացման հարցերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը նշել է, որ այն, նախ և առաջ լավ առիթ էր՝ հասկանալու հայկական զբոսաշրջային հնարավորությունների զարգացման ու ներկայացման առաջնահերթությունները, կոորդինացված ու արդյունավետ աշխատանքի ուղիները, ինչպես նաև բացահայտելու այն խնդիրները, որոնք ի հայտ են գալիս վերոհիշյալ նպատակներին հասնելու ընթացքում:
«Արցախի մասով խոսվել է երկրի զբոսաշրջային ոլորտում վերջին տարիների ձեռքբերումների, ինչպես նաև խնդրահարույց հարցերի մասին: Քննարկմանը կարևորվել է Սփյուռքի միջոցով Արցախի ճանաչվածության բարձրացումը՝ հատկապես կարևորություն ունեցող թիրախային շուկաներում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել օգտագործել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի կարողությունները՝ հայկական զբոսաշրջային ներուժը առավել արդյունավետ ներկայացնելու համար»,- մասնավորապես ասել է Ս. Շահվերդյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք քննարկման ընթացքում կոնկրետ ծրագրեր են առաջարկվել, ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը նշել է, որ ծրագրային առաջարկությունները վերաբերում էին, հատկապես զբոսաշրջության ոլորտում ներդրումների կատարելուն: «Դեռ վաղ է խոսել կոնկրետ ծրագրերի իրականացման մասին: Այնուամենայնիվ, համոզված եմ, որ առկա են քննարկումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործելու բոլոր նախադրյալները»,- հավելել է Ս. Շահվերդյանը: