«Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոն հիմնադրամի նախաձեռնությամբ երեկ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է միջոցառում՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան:
Ստեփանակերտում կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջոցառմանը մասնակցել են Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների աշակերտներն ու պարարվեստի քոլեջի ուսանողները:
Նրանք ֆրանսերենով հանդես են եկել Ֆրանսիայի մասին հետաքրքիր պատմություններով, բանաստեղծություններով ու երգերով:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամի տնօրեն Նելլի Ավանեսյանն ասել է, որ ամբողջ աշխարհում մարտի 20-ը նշվում է, որպես ֆրանսախոսության միջազգային օր:
«Ամեն տարի ֆրանկաֆոնիայի միջազգային տոնին նվիրված մի շարք միջոցառումներ ենք կազմակերպում: Այս տարի ֆրանսերենով դպրոցականների միջև կազմակերպել ենք ինտելեկտուալ խաղ-մրցույթ, ինչպես նաև մուլտֆիլմերի և ֆիլմերի ցուցադրություն»,-նշել է Ն. Ավանեսյանը՝ հավելելով, որ կենտրոնը Ստեփանակերտում հիմնվել է 2015 թվականի վերջին:
Ն. Ավանեսյանի խոսքով՝ կենտրոնը երկու նպատակ ունի. նախ՝ Ֆրանսիայում Արցախի տարբեր ոլորտների ներկայացուցիչների վերապատրաստում, որի համար կարևոր է ֆրանսերենի իմացությունը: Այն իրականացնելու համար էլ կազմակերպվում են ֆրանսերենի անվճար դասընթացներ: Մյուս խնդիրն էլ Արցախում ֆրանսերենի տարածումն ու զարգացումն է:
«Առաջիկայում առողջապահության և զբոսաշրջության ոլորտների մասնագետների համար կազմակերպելու ենք դասընթացներ. դրանք տևելու են շուրջ 2 տարի, որից հետո համապատասխան մասնագիտության ոլորտի մեջ խորանալու համար, մասնակիցները վերապատրաստում են անցնելու Ֆրանսիայում»,-տեղեկացրել է Ն. Ավանեսյանը և հավելել, որ իրենց կենտրոնն արդեն ունի 18-60 տարեկան 40 ուսանող:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ արտաքին գործերի, մշակույթի և երիտասարդության հարցերի, կրթության, գիտության և սպորտի նախարարներ, Բելգիայի պավիրակության ներկայացուցիչներ, ուսուցիչներ, աշակերտներ և այլք: