Ղարաբաղյան հակամարտությունն արդեն չափազանց երկար է ձգվում:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան. Ղարաբաղյան հակամարտությունն արդեն չափազանց երկար է ձգվում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Trend-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:
«Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Կարեւոր է, որպեսզի կողմերը հավաքվեն եւ աշխատեն խաղաղ լուծում գտնելու ուղղությամբ: Այս հակամարտությունն արդեն չափազանց երկար է ձգվում»,- ասել է դեսպանը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն ակտիվորեն աշխատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, որպեսզի կողմերին օգնի հակամարտության լուծում գտնելու հարցում :
Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդի մասին՝ նա նշել է, որ Հոգլանդն ԱՄՆ պետքարտուղարությունում աշխատանքի մեծ փորձ ունի, լավ գիտի այս տարածաշրջանը, նախկինում աշխատել է այստեղ: Դեսպանը հիշեցրել է, որ Հոգլանդն արդեն սկսել է համագործակցել Ֆրանսիայից եւ Ռուսաստանից իր գործընկերների հետ՝ Լեռնային Ղարաբաղի իրադրությանը ծանոթանալու, մարդկանց հետ շփվելու, կողմերի հանդիպում կազմակերպելուն օգնելու համար: «Հոգլանդն էներգիայով լի եւ շատ ուժեղ խաղացող է, կարծում եմ՝ նա իսկապես կարող է օգնել առաջ մղել այդ գործընթացը»,- ասել է Սեկուտան:
Սեկուտան նշել է, որ ճամփորդելով երկրում՝ նա հանդիպում է հարկադիր տեղահանվածների, եւ տեսնում, թե այս հակամարտությունն ինչ ազդեցություն է ունենում մարդկանց վրա: Միաժամանակ, նրա խոսքով, շփման գծի մյուս կողմում իր գործընկերները նույն բանն են տեսնում:
«Մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք՝ կողմերին առաջ շարժվելու եւ կարգավորման հասնելու հարցում օգնելու համար»,- ասել է դեսպանը: