Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Սերբիայի նորանշանակ դեսպան Դուշան Սպասոյևիչին (նստավայրը՝ Աթենք)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Սերբիան ցանկանում է առավել ամրապնդել և ընդլայնել բարեկամ Հայաստանի հետ համագործակցությունը. դեսպան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ հայ ժողովուրդը ամենաջերմ զգացմունքներն է տածում սերբ ժողովրդի նկատմամբ, ինչը հիմնված Է միահյուսված պատմության, մշակութային ընդհանրությունների և փոխադարձ համակրանքի վրա:
Նախարար Նալբանդյանը շեշտել է, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման առումով առկա է մեծ ներուժ, և հույս հայտնել, որ համատեղ քայլեր կձեռնարկվեն այդ ներուժն օգտագործելու ուղղությամբ։
Դեսպան Սպասոյևիչն ընդգծել է, որ Սերբիան ցանկանում է առավել ամրապնդել և ընդլայնել բարեկամ Հայաստանի հետ համագործակցությունը, ու վստահեցրել, որ առավելագույն ջանքեր կներդնի՝ հայ-սերբական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու ուղղությամբ:
Երկուստեք կարևորվել է իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացումը, տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման նպատակով գործնական քայլերի իրականացումը: