Հարավային Կորեայի Գլխավոր շտաբը հայտնել է կիրակի հյուսիսկորեական նոր հրթիռի արձակման մասին:
Հյուսիսային Կորեայի նոր հրթիռը 500 կմ է անցել եւ ծովն ընկել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ռենհափ» գործակալության հաղորդմամբ՝ հրթիռը մոտ 500 կմ է անցել եւ ընկել Ճապոնական ծովը: Անցած շաբաթ արձակված հրթիռն անցել էր մոտ 700 կմ, փոխանցում է BBC-ն:
Ճապոնական լրատվական գործակալությունները հայտնել են, որ ամենայն հավանականությամբ արկն ընկել է երկրի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս, այսինքն՝ ճապոնական ջրատարածքից հեռու:
Նորընտիր նախագահ Մուն Չժե Ինը Հարավային Կորեայի անվտանգության խորհրդի շտապ նիստ է հրավիրել:
Հարավկորեական լրատվամիջոցների տեղեկություններով՝ արձակումն իրականացվել է Պուկչհան շրջանի նույն հարթակից, որից ապրիլի վերջին հրթիռ էին փորձարկել, որն արձակման պահին պայթել էր:
Ընդամենը մեկ շաբաթ առաջ Հյուսիսային Կորեան մեկ ուրիշ հրթիռ էր փորձարկել. ինչպես պնդում են Փհենյանում, այն կարող է խոշոր միջուկային մարտագլխիկ տանել:
Հյուսիսկորեական Կենտրոնական լրատվական գործակալությունը մայիսի 21-ին հայտնել է, որ երկիրը կշարունակի արձակել «ԱՄՆ-ին հարվածելու ունակ» հրթիռներ: