Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականներն այս գիշեր Տոկիոյից վերադարձել են Երևան:
Արտաշես Ներսիսյան. Սոնա Պողոսյանն առաջին մեդալը նվաճեց աշխարհի առաջնություններում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնել է, որ գոհ է Սոնա Պողոսյանի և Արփինե Դալալյանի մասնակցությունից.
«Կիլոգրամների առումով ինչ սպասում էի, եղավ: Սոնան ուսի վնասվածք և նստաներվի բորբոքում ուներ: Բայց որոշակի ցավեր ունենալով՝ կարողացավ մեդալ նվաճել իր և հավաքականի համար: Դա Սոնայի առաջին մեդալն էր աշխարհի առաջնություններում:
Ինչ վերաբերում է Արփինե Դալալյանին, երևում է, որ նա սկսել է աճել, մրցահարթակում հասունանալ: Տոկիոյում Արփինեն կայուն հանդես եկավ, անձնական արդյունքը բարելավեց 14 կգ-ով՝ զբաղեցնելով չորրորդ տեղն աշխարհում: Նա 18 տարեկան է և դեռ երկու տարի ունի այս տարիքային խմբում հանդես գալու համար», - ասել է Արտաշես Ներսիսյանը:
Մարզիչը նաև ասել է, որ Սոնա Պողոսյանն ու Արփինե Դալալյանը հիմա սկսելու են նախապատրաստվել հոկտեմբերին կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: