Բուլղարական պարբերականի հրապարակումը մեծ բացահայտում է, թե որքան անպատասխանատու է Ադրբեջանը, եւ ինչպես է այդ երկրի կառավարության քաղաքականությունը խանգարում տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը:
Բուլղարական պարբերականի բացահայտումն Ադրբեջանում կոռուպցիայի վերջին, բայց ոչ նոր օրինակ է. քաղաքագետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Նա, միաժամանակ, կոչ արեց զգոն լինել: «Մենք պետք չէ կուրորեն հավատանք ամեն ինչի: Սակայն սա հաստատում է այն, ինչ մենք արդեն գիտենք. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում կոռուպցիայի մակարդակը, ինչը հիմնավոր խոչընդոտ է պաշտպանական բարեփոխումների ճանապարհին»,- նշել է Ռիչարդ Կիրակոսյանը:
Եթե այդ բոլոր մեղադրանքները հաստատվեն, ըստ քաղաքագետի, պետք չէ միջազգային հանրությունից լուրջ արձագանք սպասել, քանի որ այստեղ նոր ոչինչ չկա՝ հաշվի առնելով խավիարային դիվանագիտությունը, Եվրախորհրդի հետ Ադրբեջանի կոռուպցիոն կապերը: «Սա ընդամենը վերջին, բայց ոչ առաջին օրինակն է»,- հավելեց Ռիչարդ Կիրակոսյանը:
Հիշեցնենք, որ բուլղարական «Աշխատանք» պարբերականը գրել էր, որ ադրբեջանական Silk Way բեռնատար ավիաընկերությունը եւ Ադրբեջանի ՌՕՈւ-ն դիվանագիտական ավիաչվերթների անվան ներքո զենք են փոխադրել: Հետաքննության հեղինակ Դիլյանա Գայտանջիեւան «Գրադ» հրթիռների լուսանկարներ է հրապարակել, որոնք փոխադրել է Silk Way-ը: Դրանք գտել են ազատագրված Հալեպում «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման պահեստում:
Բուլղարական աղբյուրի համաձայն՝ Ադրբեջանը զենք է մատակարարել նաեւ Սիրիայում, Իրաքում եւ Եմենում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: