«Ուխտագնացություն դեպի մայր Հայաստան» այցի շրջանականերում Հայաստանում գտնվող բուլղարահայ աշակերտների և ուսուցիչների խումբը՝ Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանի ղեկավարությամբ, սեպտեմբերի 5-ին հյուրընկալվել է ՀՀ սփյուքի նախարարությունում:
Սփյուռքի նախարարությունը հյուրընկալել է բուլղարահայ աշակերտների և ուսուցիչների խմբին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիպմանը մասնակցում էին նաև աշակերտների ծնողներ և բուլղարացի երիտասարդներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը բարձր գնահատեց հայրենաճանաչությանը միտված այցը: «Սփյուռքի նախարարությունը ձեր տունն է, հյուրընկալ օջախ, որտեղ դուք միշտ սպասված եք: Հայրենիք եք եկել Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի նախաշեմին, որին կմասնակցեն 1400 հայեր աշխարհի 70 երկրներից, և որն ապացուցում է՝ Սփյուռքը ներկա է մեր երկրի պետականաշինության, զարգացման, առաջընթացի գործընթացներում: Դուք եք ապագան կերտողները: Մեր Հայրենիքը զուրկ է նավթից և գազից, սակայն այն շահեկանորեն տարբերվում է շատ երկրներից իր ստեղծագործ մտքով և ներուժով»,- նշեց Սերժ Սրապիոնյանը: Նա առանձնակի ողջունեց նաև հանդիպմանը ներկա բուլղարացի երիտասարդներին՝ ընդգծելով, որ մեր երկու ազգերը մշտապես եղել են բարեկամներ և գործընկերներ: Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց նախարար Հրանուշ Հակոբյանին, Սփյուռքի նախարարության աշխատակիցներին և բոլոր նրանց, ովքեր նպաստում, աջակցում են Հայաստան-Սփյուռք գործակցության ամրապնդմանը, Սփյուռքում հայ ինքնության, մշակույթի, մայրենիի պահպանմանը: «Դեպի Հայրենիք այս ուխտագնացության նպատակը Հայաստանի քաղցրությունը, հայրենի հողի ուժը զգալն է: Երբ ես տեսնում եմ այս երեխաների, երիտասարդների ոգևորությունը, հասկանում եմ, որ ոչ մի ջանք իզուր չի անցել»,-նշեց Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը: Այնուհետև բուլղարահայ պատանիները պատմեցին իրենց տպավորությունների, զգացողությունների մասին: Հանդիպման ավարտին հյուրերին ողջունեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և նրանց հրավիրեց մասնակցելու նախարարության ծրագրերին: Պատանիները նշեցին, որ հաջորդ անգամ Հայաստան կգան «Արի տան» շրջանակներում»: