Արցախի Հանրապետության Ճարտար քաղաքի մարզամշակութային պալատում այսօր Ֆրանսիայի Դեսին Շարպ քաղաքի քաղաքապետ Լորանս Ֆոտրան և Ճարտարի քաղաքապետ Արթուր Աղաբեկյանը համագործակցության հուշագիր են ստորագրել:
Դեսին Շարպ և Ճարտար քաղաքների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հուշագրով նախատեսվում է զարգացնել երկու քաղաքաների փոխգործակցությունը, իրականացնել մշակութային և սպորտային համատեղ միջոցառումներ:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Լ. Ֆոտրան ասել է, որ շատ ուրախ է նպաստելու Արցախի և Ֆրանսիայի միջև նոր կապերի ստեղծմանը:
«Դեսին քաղաքում հայկական մեծ համայնք է ապրում: Ես նրանց միջոցով եմ ծանոթացել Արցախի ու Հայաստանի պատմություններին: Ցանկություն ունեի որևէ կապ հաստատել Արցախի հետ և փաստորեն Ճարտար քաղաքի հետ հուշագիր ստորագրելով մենք սկիզբ դրեցինք կարևոր համագործակցության»,- ասել է ֆրանսիացի քաղաքապետը և հավելել, որ գալիք տարի Դեսին Շարպում կազմակերպվելու է ցուցահանդես, որտեղ ներկայացվելու են Արցախի բնությունը, տեսարժան վայրերը, պատմական կոթողները պատկերող նկարներ:
Ճարտարի քաղաքապետ Ա. Աղաբեկյանի խոսքով՝ ստորագրված հուշագիրը նոր որակ է հաղորդելու Ֆրանսիայի հետ հարաբերություններում, քանի որ վերջին տարիներին որոշակի հարաբերությունն են ձևավորվել:
Նրա տեղեկացմամբ՝ ֆրանսահայերի և ֆրանսիացիների աջակցության արդյունքում Ճարտարում մի քանի տարի առաջ կառուցվել է Էմմանուել դը Լաբառիի անվան թիվ 2 մանկապարտեզը:
«Մենք՝ ճարտարցիներս, միշտ էլ զգացել ենք մեր սփյուռքահայ բարեկամների աջակցությունը: Շնորհակալ ենք նրանց, և այն երկրին, ովքեր բարեկամական կապեր են հաստատել մեզ հետ»,- մասնավորապես ասել է Ա. Աղաբեկյանը:
Հյուրերը այցելել են նաև Ճարտարի քաղաքապետարան, այնուհետև ծանոթացել են թիվ 2 մանկապարտեզի շենքային պայմաններին, ինչպես նաև ծաղիկներ են խոնարհել արցախյան ազատամարտում զոհված ճարտարցիների հուշարձանին: