Իրաքի Քուրդիստանում երկուշաբթի անցկացված հանրաքվեն շրջանում անկայունության աճ կառաջացնի եւ կբարդացնի նրա բնակիչների վիճակը:
Իրաքի Քուրդիստանի հանրաքվեն անկայունության աճ կառաջացնի. Պետքարտուղարություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նշված է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Իրաքի Քուրդիստանի ժողովրդի հետ Միացյալ Նահանգների պատմականորեն ձեւավորված հարաբերությունները չեն փոխվի պարտադիր ուժ չունեցող այսօրվա հանրաքվեի լույսի ներքո: Սակայն մենք կարծում ենք, որ այս քայլը անկայունության աճի կհանգեցնի եւ կբարդացնի շրջանի ու նրա բնակիչների վիճակը»,- նշել է նա:
Նաուերթի խոսքով՝ «Միացյալ Նահանգները խորապես հիասթափված է» իրաքյան ինքնավարության իշխանությունների հանրաքվե անցկացնելու որոշումից, «այդ թվում՝ նաեւ այն շրջաններում, որոնք չեն մտնում Իրաքի Քուրդիստանի կազմի մեջ»: «Հանրաքվեն զգալիորեն կբարդացնի Իրաքի Քուրդիստանի կառավարության հարաբերությունները Իրաքի իշխանությունների եւ հարեւան երկրների հետ: Մեր կարծիքով՝ բոլոր կողմերը պետք է կառուցողական մասնակցություն ունենան երկխոսությանը՝ բոլոր իրաքցիների ապագան բարելավելու նպատակով: Միացյալ Նահանգները հանդես է գալիս բռնության եւ ցանկացած կողմի միակողմանի քայլերի դեմ՝ ուղղված սահմանների փոփոխությանը»,- նշել են Պետքարտուղարությունից:
Նաուերթը հիշեցրել է, որ «ԻՊ-ի դեմ պայքարը դեռեւս չի ավարտվել, եւ ծայրահեղական խմբավորումները կջանան օգտվել անկայունությունից ու տարաձայնություններից»: «Միացյալ Նահանգներն աջակցում է ժողովրդավարական եւ բարգավաճող Իրաքին»,- եզրափակել է Նաուերթը: