«Քերոլայն Քոքսի» անվան վերականգնողական կենտրոնի այցելուները ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության, Եվրոպայի խորհրդի և եվրոպական հանձնաժողովի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Եվրոպայի ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 1-ին այցելել են Տիգրանակերտ պատմամշակութային արգելոց:
«Քերոլայն Քոքսի» անվան կենտրոնի այցելուները «Եվրոպայի ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում այցելել են Տիգրանակերտ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանն ասել է, որ արդեն մի քանի տարի է, ինչ Արցախում նշվում են եվրոպական ժառանգության օրերը: «Այս տարի այն կրում է «Ժառանգությունը և բնությունը» խորագիրը, որի համար շատ յուրահատուկ է տիգրանակերտյան միջոցառումը սահմանափակ կարողությամբ մարդկանց համար»,- ասել է Ս. Շահվերդյանը և ավելացրել, որ այն բացառիկ չէ, քանի որ զուգահեռ իրականացվում են բազմաթիվ միջոցառումներ հանրապետության ողջ տարածքում:
Խոսելով սահմանափակ կարողություններով մարդկանց տեղաշարժվելու խնդրի մասին՝ նա նշել է, որ ներկայումս քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ, և դեռևս Տիգրանակերտի վերականգնման ժամանակ նկատի է առնվել թեքահարթակների առկայությունը:
«Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն»-ի տնօրեն Վարդան Թադևոսյանն էլ ասել է, որ կենտրոնի այցելուների համար պարբերաբար կազմակերպվում են նմանատիպ ճանաչողական այցեր: «Կրկնակի ուրախալի է, որ մենք միայնակ չենք այս աշխատանքի մեջ»,- նշել է Վ. Թադևոսյանը և ընդգծել հաշմանդամություն ու տեղաշարժվելու սահմանափակ հնարավորություն ունեցող մարդկանց՝ իրենց պատմական արժեքներին ծանոթ լինելու կարևորությունը:
Վ. Թադևոսյանը հույս է հայտնել, որ մի օր Արցախում բոլոր մշակութային օջախները հասանելի կլինեն սահմանափակ կարողություններով մարդկանց համար:
Իսկ վերականգնողական կենտրոնի այցելու Արփինե Հարությունյանն էլ ասել է, որ hաճելի է այս ծրագրերին մասնակցելը, քանի որ նման նախաձեռնություններով իրենք հասարակության մեջ իրենց ավելի լիարժեք են զգում: «Սա շատ կարևոր նախաձեռնություն է, քանի որ մենք մեզ ուշադրության կենտրոնում ենք զգում: Հասարակությանը լիարժեք ինտեգրման գործընթացը հենց այսօրինակ հանրային ծրագրերին մասնակցելն է, ինչի համար ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել բոլոր կազմակերպիչներին»,- նշել է Ա. Հարությունյանը: