Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը նոյեմբերի 16-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ։
Մասիս Մայիլյանը հանդիպել է Արցախի ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպեսմն տեղեկացրին ԱՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, Մասիս Մայիլյանը պատգամավորներին ներկայացրել է հանրապետության Նախագահի ծրագրով նախանշված Արցախի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները, ընդգծելով, որ Արցախի արտաքին գործերի նախարարությունը այսուհետ ևս ձեռնարկելու է հետևողական քայլեր՝ ուղղված Արցախի միջազգային ճանաչման գործընթացում առաջընթացի արձանագրմանն ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արտաքին քաղաքականության ոլորտում համակարգված գործունեության անհրաժեշտությունը։ Ընդգծվել է խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման կարևորությունը։
Արտաքին գործերի նախարարը պատասխանել է նաև տարածաշրջանային խնդիրներին և դրանց լուծման ուղիներին առնչվող մի շարք հարցերի։
Այնուհետև տեղի է ունեցել Արցախի դիվանագիտական ծառայության ղեկավար անձնակազմի հանդիպումը ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ։