Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսի հանդիսապետությամբ նոյեմբերի 19-ին Լիբանանում սուրբ և անմահ պատարագով տեղի ունեցավ հայ գրքի համահայկական 38-րդ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։
Անթիլիասի մայր տաճարում բացվեց Հայ գրքի համահայկական 38-րդ ցուցահանդեսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիսությանը ներկա էին Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան տիար Սամուել Մկրտչյանը, միաբան հայրեր, մտավորականներ և ընթերցասեր մարդիկ։ Պաշտոնական բացումը կատարեց Վեհափառ Հայրապետը։ Դպրեվանքի «Արմաշ» երգչախումբը ծաղկեցրեց միջոցառումը` հնչեցնելով ազգային ու կրոնական երգեր։ Վեհափառ Հայրապետի հայ գրքին ձոնած «Լո՜յս տեսաւ…» բանաստեղծությունը ընթերցեցին երիտասարդ միաբաններ Հոգշ. Տ. Վաչէ Վրդ. Պալըքճյանը և Հոգշ. Տ. Պսակ Աբղ. Թէփիրճյանը։ Բանաստեղծական ոճով պարուրված իր տողերով հայրապետը իրապաշտորեն բնութագրում է հայ գրքի ապրածը` անցյալն ու ներկան: «Լո՜յս տեսաւ…»-ով ընդգծվում է առհասարակ գրքի և հատկապես հայ գրքի լուսավորչական նշանակությունը: Հանդիսությունն ավարտվեց հայրապետական մաղթերգով և «Կիլիկիա» քայլերգով։ Ցուցահանդեսը կշարունակվի մինչ դեկտեմբերի 10-ը: