Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանի մահվան հանգամանքները:
Ժամկետային զինծառայող Նարեկ Ադիբեկյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ ՔՆնչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ծառայակցի կողմից արձակած կրակոցների հետեւանքով մարմնի տարբեր շրջաններում հրազենային մահացու վիրավորումներ է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը:
Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ պարտադիր ժամկետային զինծառայողը ձերբակալվել է՝ ծառայակցին սպանելու կասկածանքով:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Նարեկ Ադիբեկյանը ՌԴ Պյատիգորսկ քաղաքից էր, Ռուսաստանի Դաշնությունում ծառայությունն ավարտելուց հետո Նարեկը վերադարձել էր Հայաստան եւ նրան այստեղ զորակոչել էին բանակ: 45 օրից նա կավարտեր ծառայությունը:
Նարեկը Հայաստան էր եկել սովորելու նպատակով, նա ԵՊՀ Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի ուսանող էր:
Ավելի վաղ Արցախի ՊՆ-ից տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում համածառայակցի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը: