Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, «Ազատ հայրենիք» կուսակցության կենտրոնական խորհուրդը նիստ է հրավիրել, օրակարգում քննարկելով ԱՀ պետական բյուջեի 2018թ.-ի նախագծի վերաբերյալ կուսակցության դիրքորոշման հարցը:
ԱՀԿ կենտրոնական խորհուրդը «Հայրենիք» խմբակցությանը լիազորել է «Կողմ» քվեարկել բյուջե-2018թ.-ի նախագծին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ազատ հայրենիք» կուսակցության ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ նիստը վարող «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը, կուսակից ընկերներին ներկայացնելով գալիք տարվա հանրապետության գլխավոր ֆինանսական փաստաթղթով նախատեսված հիմնական ուղղությունները, նշել է, որ պետբյուջեի ծախսային մասն առաջին անգամ կհատի 100 միլիարդ դրամը, որը մեկ շնչի հաշվով տարածաշրջանում ամենաշատն է:
Ա. Հարությունյանի խոսքով՝ անցնող տարում կապահովվի շուրջ 16 տոկոս ՀՆԱ-ի աճ, որը նախորդ տարիների ընթացքում կատարված ճիշտ և հետևողական տնտեսական քաղաքականության արդյունք է:
«Մենք ունենք կայուն ու զարգացող բյուջե, տարեցտարի ավելացնում ենք մեր եկամուտներն ու ծախսերը և կառավարում դեֆիցիտը: Համոզված եմ՝ գալիք տարում ևս ավելի բարձր արդյունք կգրանցենք, քան պետբյուջեով նախատեսված 8 տոկոս ՀՆԱ աճը: Ասեմ ավելին՝ հատկապես թեթև արդյունաբերությունում ու գյուղատնտեսությունում ունենք աշխատատեղերի զգալի առաջարկ: Ուշագրավ է, որ այս տարի արտադրելու ենք մոտավորապես նույնքան էլեկտրաէներգիա, որքան սպառում ենք, իսկ առաջիկա տարիներին սկսելու ենք արտահանել էլեկտրաէներգիա, և դա սպառման ծավալների շարունակական և արագ աճի պայմաններում»,- ասել է իշխող կուսակցության ղեկավարը:
Ա. Հարությունյանի ծավալուն ելույթից հետո տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, այնուհետև կենտրոնական խորհրդի անդամներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղել են կուսակցության նախագահին:
Հանդիպման վերջում «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը նշել է, որ ավանդույթի համաձայն՝ Խորհրդարանում պետական բյուջեի քվեարկությունից առաջ կուսակցության կենտրոնական խորհուրդը պետք է լիազորի խմբակցությանը պաշտոնական դիրքորոշում արտահայտելու համար: Կայացած քվեարկության արդյունքում, «Ազատ հայրենիք» կուսակցության կենտրոնական խորհուրդը միաձայն լիազորել է «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությանը «Կողմ» քվեարկել բյուջե-2018թ.-ի նախագծին: