Ինչպես հաղորդում է minval.az-ը, Բաքվի թիվ 212 դպրոցի անգլերեն լեզվի ուսուցիչ Ռովշան Ազիզովը, ով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության կողմնակից է եւ քարոզում էր դա աշակերտների շրջանում, կորցրել է աշխատանքը:
Բաքվում ուսուցչին հեռացրել են աշխատանքից՝ հայերի հետ հաշտվելու կոչի պատճառով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ազիզովը Axar.az կայքին հայտնել է, որ հատուկ տեսանյութեր էր պատրաստում՝ որպես Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության կողմնակից, փոխանցում է news.am-ը:
Նա նշել է, որ հեռացումից հետո խնդրել է մանկավարժական խորհուրդ հրավիրել, սակայն նրա խնդրանքը հաշվի չի առնվել:
Միեւնույն ժամանակ, modern.az պորտալը պնդում է, որ վերջերս Ազիզովը ադրբեջանցի աշակերտուհուն հայկական հագուստ է հագցրել, լուսանկարել է Բաքվում հայկական եկեղեցու ֆոնին եւ հրապարակել լուսանկարը իր ֆեյսբուքյան էջում, ինչը լուրջ զայրույթ էր առաջացրել:
Ավելի վաղ սոցիալական ցանցերում բողոք էր տարածվել այս ուսուցչի դեմ. նշվում էր, որ Ազիզովը բացահայտ խոստովանում է, որ իր աշակերտներին դաստիարակում է հայերի հանդեպ սիրո ոգով: