Եվրոպայի երկրները եւ ԱՄՆ-ը խախտել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը, ուստի իրավունք չունեն պայմանները թելադրել Իրանին:
Եվրոպան եւ ԱՄՆ-ը խախտել են միջուկային գործարքի պայմանները եւ չեն կարող պայմաններ թելադրել Իրանին. Զարիֆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս կարծիքը Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտնել Է Etemaad թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է մարտի 5-ին` Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ լե Դրիանի՝ Իսլամական Հանրապետություն այցի նախաշեմին: «Այսօրվա դրությամբ երկու կողմերը խախտել են միջուկային գործարքի պայմանները՝ ԱՄՆ-ը եւ Եվրոպան: Ամերիկացիները՝ Վաշինգտոնի քաղաքականության պատճառով, իսկ եվրոպացիները՝ Միացյալ Նահանգների քաղաքականության պատճառով»,-ասել Է նա: Զարիֆը նշել Է, որ Եվրոպայի պետությունները չկարողացան կատարել պայմանագրի իրենց մասը, այդ թվում՝ բանկային հատվածում, ուստի ո՛չ նրանք, ո՛չ ԱՄՆ-ը «չեն կարող պայմաններ թելադրել այն երկրին, որը մինչեւ վերջ կատարել Է իր պարտավորությունները»: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում Է այդ համաձայնագիրը եւ սպառնում Է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: