Զարմանալի ոչինչ չկա, որ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտային Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի՝ Վաշինգտոն կատարած այցի առնչությամբ:
Բաքվի համար կարևոր չէ, թե ինչ օրակարգով է ԱՀ նախագահն այցելել ԱՄՆ. ադրբեջանական վայնասունին արձագանքել է Արթուր Թովմասյանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:
Վերջինս նշեց, որ զարմանալի կլիներ, թե Ադրբեջանը ողջուներ Լեռնային Ղարաբաղի նախագահի այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
«Ադրբեջանը միշտ էլ արձագանքում է ոչ միայն այցերի կապակցությամբ, այլև՝ համապետական ընտրությունների կապված, լինի դա նախագահական, թե խորհրդարանական ընտրություն: Բաքուն միշտ էլ վայնասուն է բարձրացնում»,- ասաց Արթուր Թովմասյանը:
Թե ինչ հանդիպումներ են նախատեսված Վաշինգտոնում՝ պաշտոնական Ստեփանակերտն առայժմ չի հստակեցնում: Արթուր Թովմասյանն ասաց, որ Ադրբեջանի արձագանքը ամենևին պայմանավորված չէ այցի օրակարգով:
«Օրակարգային հարցերը ոչ մի նշանակություն չունեն Ադրբեջանի համար: Իրենց համար մտահոգիչ է, որ Արցախի պաշտոնյաները մեկնում են արտերկիր՝ անկախ նրանից, թե ինչ նպատակով են նրանք մեկնում՝ անձնական, թե պաշտոնական: Արցախից մեկը մեկնում է բուժման, էլի վայնասուն են բարձրացնում: Այնպես որ նրանց համար քիչ կարևոր է այցի օրակարգը»,- շեշտեց Ա. Թովմասյանը:
Ադրբեջանական կողմի՝ ԱՄՆ-ին ուղղված բողոքի նոտայում մասնավորապես ասված է. «Այդ քայլով Միացյալ Նահանգները լուրջ հարված է հասցնում բանակցային գործընթացին և ծառայում տարածաշրջանում լարվածության աճին: Ադրբեջանը փոխադարձ կերպով կպատասխանի նման վարքագծին»: