Անհրաժեշտ է, որ ՆԱՏՕ-ն մեծացնի պաշտպանական պոտենցիալը եւ ակտիվ գործողություններին պատրաստականությունը՝ Ռուսաստանի աճող ագրեսիայի եւ անկանխատեսելիության լույսի ներքո:
Ռուսաստանը դառնում է ավելի անկանխատեսելի ու ագրեսիվ. Ստոլտենբերգ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գերմանական Welt am Sonntag շաբաթաթերթին տված հարցազրույցում, փոխանցում է news.am-ը:
Ստոլտենբերգն ակնկալում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ դաշինքի անդամ մյուս երկրների ղեկավարներն իրենց նախկին որոշումները կվերանայեն արդեն հաջորդ գագաթնաժողովի ժամանակ՝ հաշվի առնելով Ռուսաստանի միջուկային զինանոցի հնարավոր աճը: «Մենք պատրաստ ենք պատասխանելու ցանկացած պահին, եթե դաշինքի անդամի վրա հարձակվեն: Մենք ցանկանում ենք զսպման վստահելի քաղաքականություն: Մենք պատերազմ չենք ցանկանում: Մեր նպատակն է դեէսկալացիան»,- շեշտել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ վտանգ կա, որ Ռուսաստանն աստիճանաբար կսկսի շարժվել դեպի միջուկային զենքի կիրառում: Այս պատճառով ՆԱՏՕ-ն պետք է բարելավի պաշտպանական պատրաստվածությունը: «Ռուսաստանը դառնում է առավել անկանխատեսելի եւ առավել ագրեսիվ»,- նշել է նա: Այդուհանդերձ, դաշինքը պատրաստվում է ՆԱՏՕ-ի Խորհորդ-Ռուսաստան ձեւաչափով հաջորդ հանդիպմանը, որի օրակարգ կարող է մտնել հիբրիդային պատերազմի թեման, նշել է Ստոլտենբերգը: