Հայոց ցեղասպանության 100-ամյակին թուրքական DurDe կազմակերպությունն ու ԱՄՆ-ում գործող Project 2015-ը 2015թ ապրիլի 24-ին աշխարհի տարբեր կողմերում բնակվող հայերին հրավիրում են Ստամբուլում տեղի ունենալիք Ցեղասպանության հիշատակման միջոցառմանը, տեղեկացնում է «Ակօսը»:
Թուրքական ու հայկական կազմակերպություններն Ապրիլի 24-ը Ստամբուլում հիշատակելու կոչ են հնչեցրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ստամբուլում Ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ սկսել են տեղի ունենալ 2010 թվականից: Ցեղասպանության 100-ամյակին, սակայն, միջոցառումն ավելի ընդգրկուն է լինելու:
DurDe խմբից Լևենթ Շանսևերն ասել է, որ ցանկանում են քննարկել այս հողերի ամենահին ժողովուրդներից հայերի ցեղասպանությունը, և ցանկանում են ավելի ընդլայնել քննարկումը:
«Անգամ, եթե Թուրքիայի կառավարությունն անցյալին առերեսվելուն դեռ պատրաստ չէ, մենք՝ որպես Թուրքիայի քաղաքացիներ, պատրաստ ենք դրան, և ցանկանում ենք, որ ողջ աշխարհը տեսնի դա»,- ասել է նա:
Միջոցառումն անցյալ տարվա նման մեկնարկելու է Թաքսիմի հրապարակից: Դրանից հետո հավաքվածներն այցելելու են զինծառայության ընթացքում՝ 2011թ.-ի ապրիլի 24-ին սպանված Սևակ Բալըքչըի գերեզմանին:
Project 2015 խմբից Սառա Լի Ուիթսոնն ասել է. «Որպես հայեր՝ մենք գնալու ենք Ստամբուլ՝ հիշատակելու մեր ընտանիքի անդամների գազանաբար սպանվելը: Եվ դրանից 100 տարի անց մենք Թուրքիայի կառավարությունից պատասխան ենք ակնկալում»:
Խմբի մեկ այլ անդամ՝ գրող Նենսի Գրիգորյանն ասել է, թե Հայոց ցեղասպանության հիշատակումն այն վայրում, որտեղ տեղի է ունեցել այն, խորհրդանշական է: