Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը. ընդունվել են նաև այլ օրինագծեր
Այսօր` հոկտեմբերի 31-ին, տեղի է ունեցել ԱՀ Ազգային ժողովի ութերորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որին ներկա էին 31 պատգամավոր:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը. ընդունվել են նաև այլ օրինագծեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 31, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` նիստին ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ասել է, որ վեցերորդ գումարման Ազգային ժողովի ուշադրության կենտրոնում շարունակել է մնալ օրենսդրական աշխատանքը, և այդ ուղղությամբ Խորհրդարանի մշտական հանձնաժողովներում նախորդ նիստից հետո տեղի են ունեցել քննարկումներ:
«Այս ընթացքում ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված կարգով շրջանառության մեջ են դրվել նոր օրինագծեր, և դրանց շարքում նկատելի թիվ են կազմում պատգամավորական նախաձեռնության կարգով ներկայացվածները: «Ժողովրդավարություն» խմբակցության կողմից ներկայացվել է նաև գրավոր դիմում, համաձայն որի պատգամավոր Գեղամ Ստեփանյանը իր դիմումի համաձայն ընդգրկվել է խմբակցության կազմում»,- ավելացրել է Ա. Ղուլյանը:
Այնուհետև տեղի է ունեցել նորընտիր պատգամավոր Արամ Սարգսյանի երդմնակալության արարողությունը:
Անցնելով օրենսդրական նախագծերին՝ Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ 29 կողմ ձայնով ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, որը ներկայացրել ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է պաշտպանության, օրինապահպանության և անվտանգության հարցերի մշտական հանձաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը:
Երկրորդ ընթերցմամբ 25 կողմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Խորհրդարանն ընդունել է նաև «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի նախագիծը, հարակից` «Թափոնների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ԼՂՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին հարցը, որը ներկայացրել էր պատգամավոր Արպատ Ավանեսյանը:
Հարակից զեկույցով հանդես է եկել ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արայիկ Լազարյանը:
«ԼՂՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ԼՂՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ԼՂՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Երեխայի իրավունքների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագիծը ներկայացրել է ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը: Այն ընդունվել է 23 կողմ, 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
«Գանձապետական համակարգի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Հիմնադրամների մասին» ԼՂՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արամ Գրիգորյանը:
Օրենքների նախագիծն ընդունվել է 25 կողմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը Խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել նաև «ԱՀ բյուջետային համակարգի մասին» օրենքը՝ կից «Հարկային ծառայության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին», «Քաղաքացիական կացության ակտերի մասին», «Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին», «Առևտրի և ծառայությունների մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» ԼՂՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին» փաթեթով, որն ընդունվել է 28 կողմ ձայնով:
Ներկայացվել է նաև «ԱՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը:Այն ընդունվել է 22 կողմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունները ներկայացրել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արամ Գրիգորյանը:
Նիստի վերջում պատգամավորական հայտարարություններով հանդես են եկել Հայկ Խանումյանը, Արպատ Ավանեսյանը, Արթուր Թովմասյանը, Գագիկ Բաղունցը, Ալյոշա Գաբրիելյանը, Վահրամ Բալայանը, Լյուդմիլա Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ այսօրվա նիստում Խորհրդարանի կողմից ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել Արտակ Բեգլարյանը, իսկ վերաքննիչ դատարանի դատավոր՝ Ռաֆայել Ջհանգիրյանը: