Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի լիագումար նիստը, որի օրակարգային հիմնական հարցը հանրապետության 2015թ. պետբյուջեի՝ նախագծի քննարկումն էր։
Գալիք տարեսկզբից կաճի կենսաթոշակների չափը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հանդես գալով ելույթով, ԼՂՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը նշել է, որ հաջորդ տարվա պետբյուջեի սեփական եկամուտների առումով նախատեսվում է 36,8 միլիարդ դրամի չափով գումար, որն ընթացիկ տարվա համեմատ ավելին է 9,9 տոկոսով: Հարկային եկամուտները պետբյուջեով նախատեսված են 33 մլրդ դրամի չափով, ընթացիկ տարվա համեմատ ավելի 10 տոկոսով, կամ 3 մլրդ դրամով:
Պետական բյուջեով ծախսը նախատեսված է 87 մլրդ 200 մլն դրամի չափով, որի 45 մլրդ 518,7 միլիոն դրամը միջպետական վարկի տեսքով կստացվի ՀՀ-ից։
Ֆիննախի հաղորդմամբ, գալիք տարվա հունվարի 1-ից հանրապետությունում կբարձրացվեն թոշակների ու նպաստների չափերը։ Մասնավորապես հունվարի 1-ից աշխատանքային կենսաթոշակը կբարձրանա 14,3 տոկոսով և միջին ամսական կենսաթոշակի չափը կկազմի 43200 դրամ։ Իսկ հուլիսի 1-ից կբարձրանա նաև նվազագույն աշխատավարձի չափը՝ 50 հազար դրամից հասնելով 55 հազար դրամի: