Թուրքիայի խորհրդարանում կրթության նախարարության բյուջեի քննարկումներում հայ պատգամավոր Կարո Փայլանը ներկայացրել է դպրոցում աշակերտներին հակահայկական դիրքորոշումներով կրթելու դեպքերի մասին։
Դու լավ մարդ ես, դժվար հայ լինես. Կարո Փայլանը պատմել է հայերի նկատմամբ խտրականության մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Ensonhaber կայքի փոխանցմամբ՝ Կարո Փայլանը պատմել է, որ հայկական նախակրթարանից հետո միջնակարգ դպրոցը թուրքական է հաճախել, որտեղ զավեշտալի դեպքերի է ականատես եղել։ Նա նշել է, որ մի անգամ պատմության ուսուցիչը դասարանում շեշտեց, որ հայերը թուրքերին թիկունքից դանակով հարվածել են, որից հետո բոլոր աշակերտները շրջվեցին դեպի իրեն, գրում է ermenihaber.am-ը:
Կարո Փայլանը հիշեցրել է բանակում իր հետ կատարված դեպքը, երբ իր բանակային ընկերը, երբ իմացել է իր հայ լինելը, ուշագնաց գետին է ընկել։ «Ուշքի գալուց հետո նա ասաց ինձ. Դու լավ մարդ ես, դժվար հայ լինես։ Այսինք, թուրքական դպրոցներում հայերին այլ կերպ են ներկայացնում»,–նշել է Կարո Փայլանը։