ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը հետաձգվել է Հայաստանի խնդրանքով՝ պայմանավորված երկրում անցկացվելիք ընտրություններով:
ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է Հայաստանի խնդրանքով՝ պայմանավորված երկրում անցկացվելիք ընտրություններով. Յու. Ուշակով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Աստանայում կայացած նախորդ հանդիպմանն առաջնորդները պայմանավորվել են դեկտեմբերի 6-ին հանդիպում անցկացնելու մասին, սակայն հետո որոշել են չանցկացնել ՀԱՊԿ նիստը՝ հաշվի առնելով մասնավորապես հայկական կողմի խնդրանքը, որի համար պատճառ է հանդիսացել երկրում նախընտրական քարոզարշավի անցկացումն ու դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունները», - tert.am-ի փոխանցմամբ, այս մասին РИА Новости-ն մեջբերում է Ուշակովի խոսքը:
Աստանայում նոյեմբերի 8-ին կայացած գագաթնաժողովում որոշում է կայացվել, որ Հայաստանից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու է Բելառուսի ներկայացուցիչը: Այնուհետև Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել էր, որ այդ պաշտոնի համար երեք հավանական թեկնածու ունի: Հայաստանն, իր հերթին, կարծիք է հայտնել, որ Լուկաշենկոն չպետք է փակ դռների հետևում անցկացված ՀԱՊԿ նիստի մանրամասները պատմեր կազմակերպության անդամ չհանդիսացող երկրի ներկայացուցչին: