Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի սուրբծննդյան տոնավաճառի մոտ դեկտեմբերի 11-ի երեկոյան հրաձգություն իրականացրած տղամարդն անցորդների ուղղությամբ կրակ բացելու պահին բացականչել է «Ալլահ Ակբար» արտահայտությունը, որն արաբերենից թարգմանաբար նշանակում է «Աստված (Ալլահը) մեծագույնն է»:
Ստրասբուրգի հրաձիգը «Ալլահ Ակբար» է բացականչել. Փարիզի դատախազը նոր մանրամասներ է հայտնել
29-ամյա տղամարդը զինված է եղել հրացանով և դանակով: Նա տաքսիով փախուստի է դիմել դեպքի վայրից:
Դատախազի խոսքով՝ հրաձգության հետևանքով երկու մարդ զոհվել է, երրորդի ուղեղի աշխատանքն է կանգ առել: Եվս 12 մարդ վիրավորվել է, որոնցից 6-ը լուրջ վնասվածքներ են ստացել:
Դատախազը հայտնել է նաև, որ գիշերը Ստրասբուրգում 4 մարդ է ձերբակալվել, որոնք առնչություն ունեն կասկածյալի հետ:
Որոնողական աշխատանքներին հարյուրավոր ոստիկաններ են մասնակցում: Պատկան մարմինների կարծիքով՝ գուցե նա արդեն Ֆրանսիայում չլինի: