Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել ընդդիմադիր «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեներին՝ իրեն վիրավորելու համար:
Էրդողանը դատի է տվել ընդդիմադիր կուսակցության կին առաջնորդին՝ իրեն վիրավորելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նշվում է, որ Աքշեներն օրերս Դենիզլի քաղաքում նախընտրական քարոզչության շրջանակում ունեցած ելույթում հեգնել էր նախագահ Էրդողանի այն արտահայտությունը, որով նա քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության ընտրողներին «ահաբեկիչներ» էր անվանել:
«Ինչպե՞ս եք տուն հաց տանելուց բացի ուրիշ մտահոգություն չունեցող «ահաբեկիչներ» ջան», - tert.am-ի փոխանցմամբ՝ ասել էր Աքշեները:
Նախօրեին արդեն Էրդողանը հայտարարել է, որ համապատասխան կարգադրություններ է տվել իր փաստաբաններին՝ Աքշեների դեմ հայց ներկայացնելու համար:
«Ասում են, թե ես «ահաբեկիչ» եմ անվանել Ժողովրդադեմոկրատական կուսակցությանը ձայն տվող քրդերին: Երեկ էլ Դենիզլիում տիկին Մերալն առանց ամաչելու կրկնեց այդ սուտը: Ամաչի՛ր», - ասել է Էրդողանը՝ շեշտելով, որ ինքն ահաբեկիչ է անվանել ոչ թե ընտրողներին, այլ քրդամետ կուսակցության ղեկավարներին: