Ընթացիկ տարվա մայիսի 1-ի դրությամբ հանրապետությունում ընդհանուր առմամբ կատարվել է 10252 հա գարնանացան:
Գյուղատնտեսության փոխնախարարը պարզաբանել է, թե ինչու են ֆերմերները հրաժարվում hնդկացորենի մշակումից
Ընթացիկ տարվա մայիսի 1-ի դրությամբ հանրապետությունում ընդհանուր առմամբ կատարվել է 10252 հա գարնանացան:
Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Կարեն Աղաջանյանը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ կատարվել են գարնանացան աշխատանքների 60 տոկոսը:
Փոխնախարարի փոխանցմամբ, հացահատիկային մշակաբույսերի մասով ցանվել է 4650 հա, եգիպտացորենի՝ 3150 հա, որը ի դեպ նախատեսվում է հասցնել մինչև 7000 հա-ի: Եվս 800 հա-ի վրա կատարվել է կերային մշակաբույսերի ցանքս: Մասնավորապես, այս տարի մեծ ուշադրություն է դարձվել սոյայի լայնամասշտաբ մշակմանը, որը բացի հարուստ կերային կուլտուրա լինելուց շատ օգտակար է նաև ցանքաշրջանառության համար, քանի որ հողը հարստացնում է ազոտով: Աղաջանյանի խոսքով, մի քանի սորտերի մասով ներկայումս կատարվում են փորձարկումներ, որպեսզի լավագույն տեսակները առաջարկվեն հողօգտագործողներին:
Ընթացքի մեջ են նաև բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքսի աշխատանքները: Այդ առումով ընդհանուր առմամբ կատարվել է 400 հա ցանքս:
«Աշխատում ենք այս տարի առավելագույնս բազմատեսակ մշակաբույսեր ընդգրկել գարնանացանի ընթացքում: Հաջողություններ ունենք` արևածաղկի, հնդկացորենի առումով: Այս տարի արդեն կատարվել է 490 հա արևածաղկի ցանքս»,-ասաց Կ. Աղաջանյանը, հավելելով` որ hնդկացորենի հետ կապված իրացման խնդիրներ են առաջանում և ոչ բոլորն են ցանկություն հայտնում դրա մշակությամբ զբաղվել, որը սակայն շատ հեռանկարային մշակաբույս է: