Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 30-ին հրավիրել է խորհրդակցություն՝ տարածքային կառավարմանը և գյուղատնտեսությանը վերաբերող մի շարք հարցեր քննարկելու նպատակով:
Գարնանացանի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Բախշիյանը ներկայացրել է քաղաքացիների կողմից վերցված ժամկետանց փոխառությունների մարման գործընթացի մանրամասները:
Վարչապետը հանձնարարել է համայնքապետերի հետ համագործակցել և համատեղ այնպիսի լուծումներ գտնել, որ համայնքների բյուջետային հաշիվների վրա ԴԱՀԿ ծառայության կողմից դրված արգելանքը հանվի: Գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը զեկուցել է, որ շուրջ 40,000 հեկտար տարածքի վրա աշնանացանի ցանքս է կատարվել, իսկ գարնանացանի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:
Նա տեղեկացրել է, որ վնասատուների դեմ պայքարի միջոցառումները կատարվում են առանց էական խնդիրների, և անհրաժեշտ ծավալի թունաքիմիկատներն առկա են պահեստներում:
Նախարարի խոսքով՝ հանրապետությունում առկա են պարարտանյութերի, սերմացուների և գյուղտեխնիկայի բավարար ծավալներ՝ գարնանացանի աշխատանքները ժամանակին կազմակերպելու համար: Շրջվարչակազմերի ղեկավարները ևս հանդես են եկել տեղերում իրավիճակի վերաբերյալ զեկուցումներով: Վարչապետը վերջում տվել է համապատասխան հանձնարարականներ և կոչ արել հետևողական լինել ժամկետների պահպանման գործում: