Նախօրեին Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 հիմնական դպրոցում տեղի է ունեցել գրական-գեղարվեստական միջոցառում, նվիրված՝ հայ մեծ բանաստեղծ, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 146-ամյակին։
Ստեփանակերտի համար 1 դպրոցում կայացել է միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Դպրոցի աշակերտները ներկայացրել են բանաստեղծի կյանքն ու գրական գործունեությունը, այնուհետև ասմունքել՝ Հովհ. Թումանյանի ստեղծագործություններից, ինչպես նաև կատարել երգեր , որոնց խոսքերի հեղինակը բանաստեղծն է։
Բեմադրվել են նաև ամենայն հայոց բանաստեղծի հանրահայտ ստեղծագործություններից՝ «Շունն ու կատուն» և «Կիկոսը»։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում դպրոցի տնօրեն Ռոմելա Դադայանը նշեց, որ չնայած շատ է խոսվում այն մասին, թե երեխաները հեռացել են գրքից, սակայն նա, ով սիրում է գիրքը միշտ էլ ընթերցում է։
«Շատ ակտիվ ընթերցողներ ունենք, և պնդել, որ համակարգիչը զբաղեցրել է գրքի տեղը, այնքան էլ ճիշտ չէր լինի»,- ասաց Ռ. Դադայանը՝ համոզմունք հայտնելով, որ համակարգչով աշխատելով հանդերձ, աշակերտները չեն մոռանում նաև գրքի ու ընթերցանության մասին։