Ավստրալիայում բնակվող հույներն ու հայերն արձագանքել են Սիդնեյի Hyde Park-ում Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հուշարձանը տեղադրելու մտադրությանը։
Հայերն ու հույները բողոքում են Սիդնեյում Աթաթուրքի հուշարձանի տեղադրման դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ au.greekreporter.com-ի փոխանցմամբ՝ հունական և հայկական համայնքների մի շարք կազմակերպություններ գրավոր իրենց բողոքն են ներկայացրել Սիդնեյի իշխանություններին և լրատվական գործակալություններին։
«Քեմալ Աթաթուրքը մեղավոր է Թուրքիայում բնակվող էթնիկ փոքրամասնությունների զանգվածային սպանության և բռնի տեղահանման, ինչպես նաև Թուրքիայի այն քաղաքացիների սպանության համար, ովքեր դեմ էին իր բռնապետությանը 20-րդ դարասկզբին։ Աթաթուրքը և նրա համախոհները, ովքեր հայտնի էին որպես «քեմալականներ», բռնության են ենթարկել Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնություններին»,- ասվում է Ավստրալիայի հայ երիտասարդական հիմնադրամի նամակում, որն ուղղված է Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի պատգամավոր Վիկտոր Դոմինելոյին։
Հիմնադրամը հրավիրում է նաև այլ գաղափարակիցների ստորագրել խնդրագիրը՝ ընդդեմ հուշարձանի տեղադրման նախագծի, որը ներկայացվել է փետրվարի 19-ին և պետք է կանգնեցվի Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի կապակցությամբ։
Սոցիալական մեդիայում բողոքի նամակ է ներկայացրել նաև հունական համայնքը, որը կոչ է արել միանալ նախաձեռնությանը և նամակներ ուղարկել տարբեր էլեկտրոնային հասցեներով՝ դրանց միջոցով արտահայտելով Աթաթուրքի հուշարձանը կանգնեցնելու դեմ բողոքը։
Ավստրալիայի հայ ազգային կոմիտեն նշել է. «2015-ը նշվում է ոչ միայն որպես ԱՆԶԱԿ-ի հարյուրամյակ (Ազգային տոն Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, նշվում է ապրիլի 25-ին), այլև Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարի։ Շատ կարևոր է, որ համաշխարհային պատմության այս կարևոր ժամանակաշրջանի փաստերը ճիշտ ներկայացվեն»։