Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ձեռամբ ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում կմատուցվի պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի:
Գրիգոր Նարեկացին «Եկեղեցու ուսուցիչ» 36-րդ տիտղոսակիրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Նույն օրը նա հայ միջնադարյան հոգևորական, բանաստեղծ, աստվածաբան, փիլիսոփա Գրիգոր Նարեկացուն կհռչակի «Եկեղեցու /վարդապետ/ ուսուցիչ»:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայ Կաթողիկե եկեղեցու Գյումրիի և Աշոցքի շրջանի ժողովրդապետ Հայր Պետրոս վարդապետ Եսայանը: «Այս տիտղոսը տրվում է հազվադեպ: 2 հազար տարվա ընթացքում Գրիգոր Ներկացին 36-րդն է: Տիտղոսը շնորհվում է միայն նրանց, ովքեր մեծագույն վաստակ ունեն և ազդեցություն են գործել ժողովրդի, եկեղեցու, եկեղեցու ուսմունքի, սրբության ու ընկալման վրա: Այդ 36-ի մեջ Նարեկացին կլինի առաջին հայը»,-նշեց Հայր Պետրոսը՝ ավելացնելով, որ այդ սրբերի թվում կան տարբեր ազգերի ներկայացուցիչներ, բայց հայ երբեք չի եղել: «Նարեկացին տիեզերական եկեղեցու կողմից պետք է ամբողջովին ուսումնասիրվի, բոլորն իր ժառանգությունը պետք է սովորեն, բոլորն իր անունը պետք է տան: Մեծ պատիվ է, որ բոլորը մյուս սրբերի հետ պետք է նաև հայ սրբի անունը տան: Սա մեծ պատիվ է մեր եկեղեցու և մեր ազգի համար»,-նշեց վարդապետը:
Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից հատկապես հայտնի է և մեծ ժողովրդականություն է վայելում «Մատյան ողբերգության» (ժողովրդի մեջ տարածում է ստացել «Նարեկ» անվանումով) աղոթքների ժողովածուն: «Մատյան ողբերգության» պոեմը հայ միջնադարյան գրականության մտքի ամենամեծ արգասիքն է« պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքների թվին։