Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը կերպափոխելու փորձերը կարող են բերել բանակցային գործընթացի էրոզիայի և կողմերի դիրքորոշումներում հետքայլի:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը կերպափոխելու փորձերը կարող են բերել բանակցային գործընթացի էրոզիայի. Կարասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին ԱՊԱ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
Խոսելով ԼՂ հարցում ՌԴ-ի դերակատարումից, նա ընդգծել է, որ հրադադարի հաստատումից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների 30-ից ավելի հանդիպումները տեղի են ունեցել Ռուսաստանի մասնակցությամբ: Այս համատեքստում նա հիշեցրել է մի քանի կարևոր փուլերի մասին՝ 1994 թվականի հրադադարի հաստատման համաձայնագիր, հրադադարն ամրապնդելու մասին 1995 թվականին Ռուսաստանի միջնորդությամբ կողմերի միջեւ ստորագրված համաձայնագրեր, 2008 թվականի մոսկովյան հռչակագիր, որը ԼՂ կարգավորման գծով առաջին և դեռեւս միակ փաստաթուղթն է, որի տակ դրված են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրությունները:
Այն հարցին, թե ինչ կարծիք ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը կերպարանափոխելու, մասնավորապես, Գերմանիային եւ Թուրքիային որպես համանախագահներ ներգրավելու վերաբերյալ հնչող առաջարկների մասին, Կարասինն ասել է. «Հաշվի առնելով ղարաբաղյան թեմայի նրբանկատությունը, ձևաչափի կերպափոխման ցանկացած փորձ կարող է հանգեցնել բանակցային գործընթացի էրոզիայի և կողմերի դիրքորոշումներում հետքայլի»:
Կարասինը նաև ակնարկել է, որ ոչ կողմերը, ոչ էլ միջնորդները չեն սպասում, որ ինչ-որ տեղից կծագի ղարաբաղյան հակամարտությանն ակնթարթային լուծում տվող հրաշագործ դեղատոմս: