Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնի ժյուրին փառատոնի հաղթող է ճանաչել սերբ ջութակահարուհի Իվա Միլետիչին։
Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնի հաղթողը սերբ ջութակահարուհի Իվա Միլետիչն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց «Արամ Խաչատրյանի մրցույթ» մշակութային հիմնադրամի ներկայացուցիչ Լիլիթ Գրիգորյանը։
Նրա խոսքով` երկրորդ տեղը կիսել են Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Արդուխանյանն ու իտալուհի Անդրեա Օբիսոն, երրորդ տեղում են Պիեր Ֆրապիերը (Ֆրանսիա) և Հայաստանը ներկայացնող Մարիամ Վարդանյանը։
Մասնակիցներից շատերը հատուկ մրցանակներ են ստացել։ Հայաստանը ներկայացնող Արեգ Նավասարդյանը հաղթել է «Մրցույթի բացահայտում» անվանակարգում, Դավիթ Արդուխանյանն արժանացել է «Վերադարձ արմատներին» մրցանակը, հանդիսատեսի համակրանքին արժանացել է Մարիամ Վարդանյանը։
Հունիսի 6-ից 14-ն անցկացված մրցույթին մասնակցել են 25 երիտասարդ ջութակահարներ` 16 երկրից, որոնց թվում են Հայաստանը, Ռուսաստանը, Ռումինիան, Ավստրիան, Կորեան, Ճապոնիան, Սերբիան, Էստոնիան, Վենեսուելան, Ղազախստանը։
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կազմակերպում են Հայաստանի մշակույթի նախարարությունն ու «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը, մրցույթին աջակցում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Մրցույթն անցկացվում է ՀՀ առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով Հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: