Ադրբեջանական Թուրան լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է աշխարհի երկրներում մարդու իրավունքների շուրջ իր ավանդական տարեկան զեկույցը:
ԱՄՆ պետդեպարտամենտը դատապարտել է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ադրբեջանի վերաբերյալ հատվածում տեղ են գտել այնպիսի փաստեր, որոնք վկայում են հիմնական իրավունքների ապահովման հարցում լուրջ խնդիրների առկայության մասին: Դա մասնավորապես վերաբերում է ազատ արտահայտվելու, ազատ հանրահավաքներ անցկացնելու, աշխատանքային իրավունքների ու փոքրամասնությունների իրավունքների խնդիրներին:
Զեկույցում նշված է, որ վերջին մեկ տարում առավել նշանակալից խնդիրները եղել են ազատ արտահայտվելու, ազատ հանրահավաքների նկատմամբ պետական սահմանափակումների ուժգնացումը, ինչը դրսևորվել է լրագրողներին, իրավապաշտպաններին, քաղաքացիական հասարակության ակտիվիստներին ահաբեկելու, կասկածելի մեղադրանքներով ազատազրկելու և ուժ կիրառելու տեսքով:
Զեկույցի համաձայն՝ իշխանությունները օգտագործել են օրենսդրությունը, ճնշումները և այլ միջոցներ՝ ՀԿ-ների ու ակտիվիստների համար տիրույթի հետագա նեղացման համար: Բացի դրանից՝ իշխանություններն օգտագործել են դատական համակարգը՝ խաղաղ այլակարծությունը պատժելու համար, ներառյալ կամայական ձերբակալությունները, քաղաքական դրդապատճառներով ազատազրկումները, նախնական կալանքի տակ երկար պահելը:
Մարդու իրավունքների ոլորտում մյուս խնդիրների թվում նշված են բանակում ֆիզիկական բռնությունները, կտտանքները կամ բանտերում առկա չարաշահումները, կյանքի համար վտանգավոր պայմանների առկայությունը, առանց թույլտվության՝ ձերբակալություններ անելը:
Ադրբեջանի կառավարությունը պնդում է, որ երկրում չկան քաղբանտարկյալներ, սակայն տեղի և միջազգային ՀԿ-ները նրանց թիվը ներկայացնում են 24-135 մարդ: Երկրի բանտերում կա 12 լրագրող ու բլոգեր: Թերթերի ու լրագրողների դեմ տուգանքների ընդհանուր ծավալը կազմել է 255.000 մանաթ: