Իրանի նախագահ Հասան Ռուհանին զանգահարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Իրանի նախագահը զանգահարել է Թուրքիայի նախագահին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Hurriyet Daily News-ի փոխանցմամբ` Իրանի նախագահը զանգը կատարել է Իրանի միջուկային գործարքի ստորագրման ֆոնին, իսկ Էրդողանին նա ասել է, որ պատմական կարևորության գործարքը դրական կազդի Թեհրան - Անկարա հարաբերությունների վրա ապագայում:
Ռուհանին մասնավորապես ասել է հեռախոսազրույցում, թե Վիեննայի համաձայնագիրը դրական ազդեցություն կունենա Իրանի բոլոր հարևանների և հատկապես Թուրքիայի հետ հարաբերությունների վրա:
Ռուհանին Էրդողանին հիշեցրել է նաև տարածաշրջանում երկկողմ ջանքերի շնորհիվ կայունություն հաստատելու իրենց առաքելության մասին: Նա նշել է, թե տարածաշրջանի ժողովուրդները սպասում են Թուրքիա-Իրան համագործակցությանը և նրան, որ հնարավոր կլինի բոլորի համար շահեկան վիճակ ապահովել տարածաշրջանում:
Էրդողանն իր հերթին Իրանի նախագահին շնորհավորել է Վիեննայի համաձայնագրի առիթով, ասել, որ Թուրքիան պատրաստ է համագործակցել հետպատժամիջոցային Իրանի հետ տարածաշրջանային հարցերով: