Հայ երաժիշտները Լիբանանում են` Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգով մասնակցելու երկրի լավագույն իրադարձություններից մեկին` Բեյթեդին արվեստի փառատոնին:
Հայ երաժիշտները Լիբանանում մասնակցում են Բեյթեդին արվեստի փառատոնին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը Լիբանանից տեղեկացրեց, որ փառատոնի կազմակերպիչները ջերմ ողջունել են հայ երաժիշտներին:
«Կազմակերպիչները և մասնակիցները շատ ուրախ են, որ ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և ջութակահար Սերգեյ Խաչատրյանը եկել են Լիբանան: Մաեստրոն ներկայացրել է փառատոնին մասնակցող հայկական երգչախմբերին: Լրատվամիջոցների հետ զրույցում Սերգեյ Խաչատրյանն էլ նշել է, որ շատ ուրախ է հանդես գալ իր սիրելի Ֆիլհարմոնիկի հետ»,-տեղեկացրեց Արման Պադարյանը:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը`Հայաստանի պետական կամերային և «Հովեր» պետական կամերային երգչախմբերի հետ օգոստոսի 8-ին ելույթ կունենա Beiteddine Art Festival-ի շրջանակում: Երեկոյի ընթացքում որպես դիրիժոր հանդես կգա ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Ծրագրում են Խաչատրյանի Սպարտակ սյուիտը, Բրամսի Ջութակի կոնցերտը և Մոցարտի Ռեքվիեմը:
«Լիբանանում մեզ հետ ելույթ կունենա մեր մեծ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը: Քանի որ համերգը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, նրա հետ որպես բիս ուզում ենք կատարել Կոմիտասի «Կռունկ»-ը, որը վերջերս Ռուբեն Ալթունյանը մշակել է ջութակի և նվագախմբի համար: Շատ հայտնի մարդիկ արդեն նվագել են դա, այդ թվում` Մաքսիմ Վենգերովը: Երկրորդ բաժնում էլ որպես նվեր երկու հատված կկատարենք Տիգրան Մանսուրյանի Ռեքվիեմից»,-ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր Էդուարդ Թոփչյանը:
Որպես մենակատարներ համերգային երեկոյի ընթացքում հանդես կգան նաև մեներգիչներ Իրինա Զաքյանը (սոպրանո), Պերճ Քարազյանը (տենոր), Նարինե Անանիկյանը (մեցցո սոպրանո) և Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը (բարիտոն):
Լուսանկարները տրամադրել է Արման Պադարյանը