Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն օգոստոսի 11-ին ընդունել է Համահայկական ամառային 6-րդ խաղերի կրկնակի չեմպիոն, Կիպրոսը ներկայացնող 14-ամյա Մարիա Յորյիու Սոմակյանին և նրա ծնողներին:
Իշխան Զաքարյանն ընդունել է Համահայկական խաղերի կրկնակի չեմպիոն Մարիա Սոմակյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մամուլի ծառայության փոխանցմամբ` Համահայկական ամառային 6-րդ խաղերին Մարիան մասնակցել է 6 մրցույթի և նվաճել 6 մեդալ` 2 ոսկի, 3 արծաթ, 1 բրոնզ: 14-ամյա մարզուհու նվաճած մեդալներն առաջինն էին Համահայկական ամառային խաղերին մասնակցած, Կիպրոսը ներկայացնող մասնակիցների համար: Ցույց տված արդյունքների համար երիտասարդ մարզուհին պարգևատրվել է խորհրդանշական նվերներով:
Մարիան իր խոսքում նշել է, որ 10 տարի է` զբաղվում է լողով: Նա շատ ուրախ է, որ իրեն հնարավորություն է ընձեռվել մասնակցելու Համահայկական խաղերին: Նա հատկապես տպավորված է եղել խաղերի բացման հանդիսավոր արարողությունից: Մարզուհու ծնողները հայտնել են նաև, որ Մարիան Կիպրոսում մասնակցել է մի շարք կարևոր մրցույթների և զբաղեցրել մրցանակային տեղեր:
ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը կարևորել է երիտասարդ տարիքում Մարիայի ձեռքբերումները և հույս հայտնել, որ հետագայում մարզուհին կհամալրի Հայաստանի լողի հավաքականի կազմը: Պարոն Զաքարյանը շնորհավորել է 14-ամյա մեդալակրին և նորանոր սպորտային հաջողություններ մաղթել նրան:
Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը մայիսի 8-ին վառվեց Շուշիում և Արցախի ու Հայաստանի քաղաքներով կուղևորվի Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևան: Ջահը կանցնի հայկական մի շարք քաղաքներով: Համահայկական ամառային 6-րդ խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-13-ը: Խաղերի օրակարգում ընդգրկված նախկին տասը մարզաձևին` ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ատլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, ավելացնել են ևս յոթը` լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն: Այս խաղերը իսկապես, որ աննախադեպ են ոչ միայն մարզաձևերի առատությամբ այլ նաև մասնիկներից քանակով, որը գերազանցում է 6350-ը: