Թուրք նախկին դատախազը, որը հետաքննել էր կառավարական շրջանակներում հեղաշրջման փորձի եւ խոշորամասշտաբ կոռուպցիայի մեծ հնչեղություն ունեցող գործերը, իր գործընկերոջ հետ Գերմանիա է փախել Վրաստանով եւ Հայաստանով՝ իմանալով առաջիկա ձերբակալության մասին։
Թուրքական մամուլը պնդում է․ դատախազ Զեքերիա Օզը Հայաստանից է փախել Գերմանիա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական «Hürriyet Daily News» թերթի փոխանցմամբ՝ նա Հայաստանից Գերմանիա է թռել օգոստոսի 11-ին։ Նա ոչ մի խնդրի չի բախվել, որովհետեւ այդ ժամանակ նրա ձերբակալման հրամանագիրը դեռ ստորագրված չի եղել։ Հայտնի չէ, նա դեռեւս Գերմանիայո՞ւմ է, թե այլ երկիր է մեկնել։
Զեքերիա Օզի ազգականը, որը հունիսի 7-ի ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից պատգամավորության թեկնածու էր, մեկնաբանել է իրավիճակը՝ ասելով, որ նա չպիտի փախչեր։ Յուսուֆ Օզը պնդում է, որ իր ազգականին մանիպուլյացիայի է ենթարկել կառավարությունը՝ Արդարություն եւ զարգացում կուսակցության գլխավորությամբ, եւ նա հավանաբար փախել է, որովհետեւ չի վստահում թուրքական արդարադատության համակարգին։ «Երեկ նրան հերոս էին համարում, իսկ այժմ դատապարտում են որպես դավաճանի․ այս իրավիճակը որոշակի կասկածներ է առաջացնում», – ասել է նա։
Ավելի վաղ թուրքական մամուլը տեղեկատվություն է տարածել այն մասին իբր Զեքերիա Օզն ու մյուս դատախազը՝ Ջելալ Կարան, Հայաստան են փախել Վրաստանով։ Բայց Հայաստանի Ազգային Անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ նման անուն-ազգանունով մարդիկ մուտք չեն գործել Հայաստան։