Նախօրեին Շուշիում կայացել է Ալյոնա Ստերլիգովայի ստեղծած նորաձև հագուստների ցուցադրությունը :
Շուշիում կայացել է Ալյոնա Ստերլիգովայի դիզայնով ստեղծված հագուստների ցուցադրությունը (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նորաձևության ցուցադրության մտահղացման հեղինակ, հագուստի դիզայներ Ա. Ստերլիգովայի խոսքով, միջոցառման նպատակն Արցախի գրավչությունն ու նրա անաղարտ բնությունը, ազգային, ավանդական, մշակութային արժեքները ներկայացնելն է:
«Այստեղ բարեբախտաբար այդ ամենը պահպանվել է: Այդ պատճառով ցանկացել եմ այս ցուցադրության միջոցով ընդգծել, որ իմ դիզայներական երկարափեշ շրջազգեստներն այն հագուստն են ինչ անհրաժեշտ է և զարդարում է ավանդապահ կանանց»,- «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ա. Ստերլիգովան՝ հավելելով, որ ցուցադրության նպատակներից է նաև արցախյան ազգային ավանդական արժեքների կարևորումը՝ մասնավորապես՝ արցախյան ձեռագործ գորգերի, հյուրասիրության ու այն ամենի արժևորմանը, որոնք իրենք կցանկանային պահել իրենց սրտերում և փոխանցել աշխարհին ու մարդկանց:
Նորաձևության ցուցադրությանը մասնակցել են 27 մոդել-աղջիկներ: Հագուստների ցուցադրությունից հետո կայացել է ավանակներով մրցավազք, որի մասնակիցները Ստերլիգով ամուսինների կողմից պարգևատրվել են մեդալներով ու արժեքավոր նվերներով:
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչներ, Ստեփանակերտի և Շուշիի բնակիչներ ու հյուրեր:
Նշենք, որ Ալյոնա Ստերլիգովան ռուս հայտնի մեծահարուստ և գործարար Գերման Ստերլիգովի կինն է, ովքեր ընթացիկ տարվա ամռանը ընտանիքով տեղափոխվել և բնակություն են հաստատել ԼՂՀ Շուշի քաղաքում: