Գաղթականության հոսքը եվրոպական երկրներում լցնում է ծնելիության ցածր մակարդակի հետեւանքով առաջացած բացը:
Ես մեղքերս խոստովանում եմ 15-20 օրը մեկ. Ֆրանցիսկոս Պապ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայ կաթողիկե եկեղեցու կայքի փոխանցմամբ՝ այս մասին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ասել է Renascença ռադիոկայանին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ Իտալիայում, Պորտուգալիայում, Իսպանիայում ծնելիության ցուցանիշը 0-ի է մոտենում եւ դրա պատճառը հարմարավետություն փնտրող մշակույթն է:
«Իմ իտալացի զարմիկը մի անգամ ասաց ինձ. «Երեխանե՞ր: Ո՛չ: Նախընտրում եմ ճամփորդել, գնել մի առանձնատուն կամ մեկ այլ բան անել»…Արդյունքում ծերերը ավելի ու ավելի են միայնակ մնում: Վստահ եմ, որ Եվրոպայի մեծագույն խնդիրը նորից մայր Եվրոպա դառնալն է, ոչ թե՝ տատիկ Եվրոպա…»,-.ասել է Պապը:
Ֆրանցիսկոս Պապը նշել է, որ ոչ մեկի երջանկությունն այս աշխարհում երաշխավորված չէ եւ միակ բանը, որ խնդրում է Աստծուց՝ սրտի խաղաղությունը պահելն է:
«Մի բան ինձ մխիթարում է. Սբ. Պետրոսը ծանր մեղք գործեց՝ ուրանալով Հիսուսին, բայց հետո Պապ դարձավ…Եթե նրան Պապ դարձրին այդ մեղքը գործած լինելով հանդերձ, իմ բոլոր մեղքերս ի նկատի ունենալով՝ ինձ համար մեծ մխիթարություն է, որովհետեւ Աստված հոգ կտանի իմ մասին, ինչպես հոգ տարավ Պետրոսի մասին»,-ասել է Պապը:
Պապն ասել է, որ ինքը 15 կամ 20 օրը մեկ է գնում խոստովանության:
« Ես խոստովանում եմ մի ֆրանցիսկյան քահանայի՝ Հայր Բլանկոյին, որն այնքան բարի է, որ գալիս է ու լսում իմ խոստովանությունը: Եվ ես երբեք ստիպված չեմ եղել «Շտապօգնություն» կանչելու, որ տանեն նրան՝ ցնցված իմ մեղքերից»,-ասել է Պապը ծիծաղելով: