Այս տարի լրանում է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանի 90-ամյակը, ինչի առթիվ տարվա ընթացքում մի շարք հանդիսավոր միջոցառումներ են նախատեսված:
Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանը այս տարի կնշի 90-ամյա հոբելյանը
Այս տարի լրանում է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանի 90-ամյակը, ինչի առթիվ տարվա ընթացքում մի շարք հանդիսավոր միջոցառումներ են նախատեսված:
Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասաց Մ. Մաշտոցի անվան հանրապետական գրադարանի տնօրեն Կարինե Հայրապետյանը՝ նշելով, որ ինչպես տարիներ շարունակ, այնպես էլ այսօր գրադարանը իր նշանակալի դերակատարությունն ունի ընթերցողների հոգևոր-ինտելեկտուալ պահանջների ապահովման գործում:
«Գրադարանի գրքային ֆոնդը կազմում է 175 հազար 819 կտոր գիրք, որը տարեցտարի համալրվում է հիմնականում նվիրատվությունների շնորհիվ: Նվիրատուների շարքում են ինչպես առանձին անհատներ այնպես էլ գրողներ, բարեգործական կազմակերպություններ, ինչպես նաև գրադարանին պարբերաբար մեծաքանակ գրքեր է տրամադրում ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը»,- ասաց Կ. Հայրապետյանը՝ հավելելով, որ գրադարանը հանդիսանում է հանրապետության գրականագիտական, մատենագիտական եւ տեղեկատվական կարևոր կենտրոններից մեկը:
Մասնագիտական գրականությունից բացի, գրադարանի տնօրենի տեղեկացմամբ, ընթերցողների կողմից մեծ պահանջարկ են վայելում նաև գրադարանային ֆոնդի կարևորագույն բաղադրիչը հանդիսացող շուրջ 22 անուն թերթերն ու ամսագրերը, ինչպես նաև նրանց արխիվները:
«Չնայած այն հանգամանքին, որ պոտենցիալ ընթերցողների մեծ մասը իրենց ժամանակը ավելի շատ անցկացնում է համակարգիչների առաջ, բայց ուրախությամբ պետք է նշեմ, որ անցած տարի աճել է նաև գրադարանի գրքային ֆոնդից օգտվողների թիվը կազմելով՝ 5400՝ նախորդ տարվա 4800 ընթերցողի փոխարեն»,-նշեց Մ. Մաշտոցի անվան հանրապետական գրադարանի տնօրենը:
Անդրադառնալով գրադարանի շենքային պայմաններին Կ. Հայրապետյանը նշեց, որ շենքը 1999 թ. կիսով չափ վերանորոգվել է, բայց ներկայումս հիմնանորոգման կարիք ունի: Արցախյան պատերազմի ընթացքում հրետակոծությունների հետեւանքով վնասվել է գրադարանի ջեռուցման համակարգը, որի պատճառով գրապահոցներում հնարավոր չէ ստեղծել գրքերի պահպանման համար անհրաժեշտ ջերմաստիճան: Գրապահոցները տեղակայված են խոնավ ու մութ նկուղում, որի պատճառով գրքային ֆոնդը շարունակաբար կորուստներ է ունենում: Արդյունավետ գործունեության համար Կ. Հայրապետյանը կարևորեց նաև ժամանակակից սարքավորումների և համակարգիչների առկայությունը,որոնք առայժմ բացակայում են հանրապետական գրադարանում: