Ակնհայտ է, որ հայկական կողմը պատրաստ է ընդունել Ֆրանսիայի Նախագահ Ֆրունսուա Օլանդի՝ Ադրբեջանի Նախագահի հետ հանդիպելու հրավերը. անհասկանալի է մնում Ադրբեջանի Նախագահի դիրքորոշումը, որը վերջին շրջանում աշխատում է բացառապես հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունն ուժեղացնելու ուղղությամբ:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կընդունեն Օլանդի հրավերը, բայց թե երբ` հստակ չէ. կարծիքներ
Ակնհայտ է, որ հայկական կողմը պատրաստ է ընդունել Ֆրանսիայի Նախագահ Ֆրունսուա Օլանդի՝ Ադրբեջանի Նախագահի հետ հանդիպելու հրավերը. անհասկանալի է մնում Ադրբեջանի Նախագահի դիրքորոշումը, որը վերջին շրջանում աշխատում է բացառապես հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունն ուժեղացնելու ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը՝ Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Օլանդի հրավերին և հնարավոր արձագանքներին՝ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ շարունակելով, թե Ադրբեջանի այդ քաղաքականությունն այնքան ակնհայտ է, որ բացահայտ քննադատում են անգամ տարբեր երկրների ներկայացուցիչներ:
Թե ինչու է այդ նախաձեռնությունը զիջվում Ֆրանսիային` Հրանտ Մելիք-Շահնազարյանը պատասխանեց, թե այստեղ հետաքրքրությունը երկկողմանի է. երկու գերտերությունն էլ հասկանում է, որ ըստ էության՝ արցախյան հարցի քաղաքական լուծման հեռանկարներ և հնարավորություններ դեռևս չկան, իսկ պատասխանատվություն վերցնել մի գործի համար, որն անհեռանկար է, ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Մոսկվան դեռևս չեն ցանկանում:
«Դրա համար ընտրվել է այն միջնորդը, որի շահերը տարածաշրջանում այնքան էլ շատ չեն: Բացի այդ՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները այս տարածաշրջանում բավական լարված են, և ըստ էության՝ երկու կողմը փորձում է Հարավային Կովկասը զերծ պահել այդ լարվածությունից: Դրանով է հենց պայմանավորված նախաձեռնությունը Ֆրանսիային զիջելու տարբերակը, որը լավ տարբերակ է»,-ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ շեշտելով, թե Ֆրանսիան հենց ինքն էլ հետաքրքրված է դրանով, որովհետև Ֆրանսուա Օլանդը պետք է ցույց տա իր քաղաքացիներին և Եվրոպական Միությանն այն փաստը, որ Ֆրանսիան դեռևս միջազգային մակարդակով Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջանում լուրջ քաղաքական գործոն է:
«Իսկ արցախյան հակամարտությունն այն հարցն է, որի միջոցով Ֆրանսիայի քաղաքական կշիռը Հարավային Կովկասում բավական կմեծանա»,-ասաց քաղաքագետը:
Ֆրանսիայի Նախագահ Օլանդի հրավերին անդրադառնալով՝ վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանն ասաց, թե նախ՝ կարևոր է տեսնել, որ Ադրբեջանը փորձում է այդ հանդիպումներից առաջ մեծացնել լարվածությունը շփման գծում:
«Ասել, թե Ադրբեջանը դեմ է հանդիպմանը՝ ճիշտ չէ, բայց տեսնում ենք, որ այս պահին միջազգային իրավիճակն իր ցանկացածը չէ, այնքան էլ տուրք չեն տալիս Ադրբեջանի սկզբունքներին, հետևաբար Ալիևն այդքան էլ շահագրգռված չէ հանդիպելու հարցում»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Նա կարծում է, որ նախագահներն անպայման կընդունեն հրավերը, պարզապես հիմա խուսափում են հնարավորություն ստեղծել, որ այդ հանդիպումը տեղի ունենա շուտ:
Ինչ վերաբերում է Ֆրանսիայի նախաձեռնողականությանը ԼՂՀ հիմնահարցի կարգավորման հարցում, քաղաքագետը դա պայմանավորում է նախևառաջ՝ նրանով, որ Ֆրանսիայի դիրքերն այդքան ամուր չեն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, քանի որ հաճախ է խոսվում այն մասին, որ Ֆրանսիայի մանդատը պետք է փոխարինվի ԵՄ մանդատով:
«Այսինքն՝ Ֆրանսիան ժամանակ առ ժամանակ ստիպված կլինի ինչ-որ նախաձեռնողականություն ցուցաբերել»,-նկատեց Ստյոպա Սաֆարյանը: