Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո վերադարձվել է հայ զինվորը, ով ընթացիկ տարվա մարտի 22-ին հատել էր ղարաբաղաադրբեջանական շփման գիծը:
Անդրանիկ Գրիգորյանը վերադարձվել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը նշել է, որ ռազմագերու վերադարձը տեղի է ունեցել շփման գծում՝ Բաշ Քարվյանդ գյուղի մոտակայքում։
«Ազատազրկման ընթացքում, ԿԽՄԿ-ն պարբերաբար այցելել է ռազմագերուն՝ դիտարկելու կալանավորման պայմանները, նրա հետ վերաբերմունքը և ապահովելու կապը ընտանիքի հետ: Գործելով որպես չեզոք միջնորդ և իր մանդատի համաձայն ԿԽՄԿ-ն աջակցել է այս գործողությանը ելնելով Ադրբեջանի իշխանությունների վերադարձի որոշման հիման վրա և լիարժեք համագործակցելով բոլոր կողմերի հետ»,-ասել է Է. Մուսայելյանը և հավելել, որ մինչև վերադարձը ռազմագերին հավաստիացրել էր ԿԽՄԿ-ի աշխատակիցներին, որ վերադառնում է իր հոժար կամքով։
Է. Մուսայելյանի խոսքով՝ հիմնվելով Ժնևյան կոնվենցիաներով սահմանված իր մանդատին՝ ԿԽՄԿ-ն Ղարաբաղյան հակամարտության հետ կապված տարածաշրջանում գործում է 1992 թվականից ի վեր։