Շփման գծում ցանկացած անցանկալի դեպք և ողբերգական կորուստ շատ ցավալի է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը՝ մեկնաբանելով Քարվաճառում գերեվարված ադրբեջանցիների դեպքը:
Ցանկացած անցանկալի դեպք կամ ողբերգական կորուստ ցավալի է. Մորնինգսթարը՝ Քարվաճառի դեպքի մասին
Շփման գծում ցանկացած անցանկալի դեպք և ողբերգական կորուստ շատ ցավալի է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը՝ մեկնաբանելով Քարվաճառում գերեվարված ադրբեջանցիների դեպքը:
Ինչպես տեղեկացնում է է «Արցախպրես»-ը՝ հղում անելով Թերթ.am-ին, Մորնինգսթարն այս հայտարարությունն արել է Ադրբեջանում իր պաշտոնավարման ավարտին նվիրված արարողության ընթացքում:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խմբի կողմից սահմանի խախտման ժամանակ անդամների մի մասը ձերբակալվել է, իսկ նրանցից մեկը, որը դիմադրություն էր ցույց տվել, սպանվել է:
«Գիտեմ, որ իրադարձությունները շփման գծում խիստ անհանգստացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, և այդ դեպքը ևս մեկ անգամ ընդգծում է այդ սարսափելի հակամարտության արագ լուծման անհրաժեշտությունը»,-նշել է դեսպանը:
Մորնինգսթարի խոսքով՝ անհրաժեշտ է ջանքեր ներդնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծման համար:
«Խաղաղությունը տարածաշրջանի բնակիչներին մեծ օգուտներ կբերի և ապագայում կապահովի Ադրբեջանի բարեկեցությունը»,-ասել է նա:
Դեսպանը նշել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է ջանքեր ներդնել հակամարտության լուծման համար:
Մորնինգսթարն անդրադարձել է նաև ԱՄՆ-ի և Ադրբեջանի հարաբերություններին՝ նշելով, որ թեև իրենք որոշ հարցերի շուրջ տարբեր մոտեցումներ ունեն, սակայն յուրաքանչյուր գործընկերոջ հետ կայուն երկխոսությունը չափազանց կարևոր է:
«Մենք կարող ենք տարաձայնություններ ունենալ, սակայն պետք է շարունակենք երկխոսությունը»,-ասել է նա:
Նա ասել է, թե ԱՄՆ-ն չի ցանկանում անկայունություն կամ անկարգություններ ստեղծվել Ադրբեջանում: