Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի քննարկմանը ներկայացված հակահայկական զեկույցների իրական նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցն այլ ատյաններ տեղափոխելու փորձն է:
ԵԽԽՎ զեկույցներն ուղղված են ԼՂ խնդիրն այլ ատյաններ տեղափոխելուն. Կիրո Մանոյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ադրբեջանը դժգոհ է բանակցային գործընթացից եւ հենց դա է ուզում: Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, հաղորդում է News.am-ը:
Նրա խոսքով, ԵԽԽՎ-ն առաջին անգամ չէ, որ փորձում է միակողմանիորեն քննարկել հարցերը: «Այստեղ կարեւոր է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերը, որոնք վերջին հայտարարությունում անդրադարձան ԼՂ խնդրի քննարկումն այլ ատյաններ տեղափոխելու անթույլատրելիությանը, բայց, կարծում եմ՝ նրանք պետք է ավելի ակտիվ լինեն: Անհրաժեշտ է, որ նրանց դերը զգալի լինի, քանի որ այսպիսի բանաձեւերը հարված են հասցնում, առաջին հերթին, իրենց միջնորդական առաքելությանն ու բանակցային գործընթացին»,-ընդգծել է Մանոյանը:
Նրա ներկայացմամբ, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում հակահայկական բանաձեւերի ընդունումը կարող է բացասական ազդեցություն ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման վրա: «Նման քայլերը կքաջալերեն Ադրբեջանին՝ շարունակել իր գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում: Հույս ունեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ավելի հետեւողական կլինեն»,-հավելել է Կիրո Մանոյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 25-ին Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որի օրակարգում ընդգրկված են երկու հակահայկական բանաձեւերի: ԵԽԽՎ սոցիալական հարցերի կոմիտեն ընդունել է բոսնիացի պատվիրակ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումով զեկույցը, իսկ ԵԽԽՎ քաղաքական հարցերի կոմիտեն ընդունել է բրիտանացի պատվիրակ Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» անվանումով զեկույցը: