«Սարսանգի վերաբերյալ զեկույցի ընդունումը ենթադրում է ոչինչ՝ իրավական տեսանկյունից, և չնչին ազդեցություն՝ կարճաժամկետ քարոզչական տեսանկյունից»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը:
Մարկովիչի զեկույցի ընդունումը ոչ մի կերպ չի կարող ազդել մեր գործողությունների վրա. Արտակ Բեգլարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նրա խոսքերով՝ Արցախում Ուոլթերի զեկույցի ձախողումը ձեռքբերում են համարում, իսկ Մարկովիչի զեկույցի ընդունումը՝ պարզապես տհաճ իրողություն:
«Այնուամենայնիվ, երբեք հաճելի չէ տեսնել ստի առաջխաղացումը նմանատիպ միջազգային հարթակներում: Սակայն միանշանակ է, որ Մարկովիչի զեկույցի ընդունումը ոչ մի կերպ չի կարող ազդել մեր գործողությունների վրա. ինչպես նախկինում, այժմ ևս պատրաստ ենք փոխշահավետ համագործակցության՝ ջրանցքների շահագործման հարցում: Իսկ եթե Ադրբեջանը շարունակի համառել և աղմկել, ապա Արցախը կկառուցի իր սեփական և անկախ ենթակառուցվածքը, որպեսզի կարողանանք ոռոգովի դարձնել մեր տասնյակ հազարավոր հեկտար հողատարածքներ: Արդյունքում Ադրբեջանի առջև կփակվի համագործակցության բաց պատուհանը՝ թողնելով նրան հիստերիայի հերթական նոպայի ճիրաններում»,- ասել է Արտակ Բեգլարյանը:
Տեղի ունեցած քվեարկությունները նրա կարծիքով արտացոլեցին ԵԽԽՎ քաղաքական և արժեքային սնանկությունը, քանի որ «բազմաթիվ պատգամավորներ կողմ արտահայտվեցին բացահայտ քարոզչական բնույթ ունեցող և կեղծ տեղեկատվություն կրող զեկույցներին»:
Ուշադրության կենտրոնում հայտնվեց նաեւ այն, որ Վրաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունները, ի թիվ բազմաթիվ այլ երկրների պատվիրակների, ամբողջ կազմով կողմ քվեարկեցին հակահայկական բանաձեւերին: Սա կանխատեսելի արդյունք էր, կարծում է ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղարը: «Այդ երկրները, որոնք իրենց տարածքներում ունեն հակամարտություններ, կանգնում են Ադրբեջանի կողքին՝ հատկապես ղարաբաղյան թեմաներով քվեարկությունների ժամանակ: Ուղղակի ցավալին այն է, որ այդ և այլ պատվիրակություններ կամ անհատ պատգամավորներ քվեարկել են՝ առանց խորամուխ լինելու ներկայացված նախագծերի բովանդակության մեջ»:
Հարցին, թե հայաստանյան պատվիրակությունը կարո՞ղ էր տապալել երկրորդ զեկույցի ընդունումը, եթե ժամանակին թիմային եւ գրագետ աշխատանք տարվեր այդ ուղղությամբ, Արտակ Բեգլարյանը նշել է. «Եթե փաստացի չի տապալվել Մարկովիչի զեկույցը, հետևաբար, կարող ենք ասել, որ հայկական պատվիրակությունը չէր կարող տապալել դրա քվեարկությունը: Սակայն, մյուս կողմից, միշտ էլ հնարավոր է անցյալի մասին «եթե»-ով խոսել և այլընտրանքներ առաջարկել, բայց կա այն, ինչ կա»: