Ռուս լրագրողները ստիպված են վիզա ստանալ Թուրքիա ծառայողական ուղեւորություններ կատարելուց առաջ:
Թուրքիան վիզաներ է մտցնում ռուսաստանցի լրագրողների համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես պարզաբանել են ՏԱՍՍ-ի թղթակցին Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությունից, այս նորամուծությունը կսկսի գործել փետրվարի 15-ից ու կվերաբերի այն լրագրողներին, որոնք ժամանում են կես տարուց քիչ ժամանակով:
«Բոլոր ռուսաստանցի լրագրողները, որոնք Թուրքիա են ժամանելու կարճ ժամանակահատվածով աշխատելու համար, ուղեւորությունից առաջ կդիմեն Ռուսաստանում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությանը ու համապատասխան աշխատանքային վիզա կստանան: Նրանք նաեւ ստիպված կլինեն հայտնել իրենց ուղեւորության ամսաաթիվն ու ծրագիրը՝ օրինակ հարցազրույց վերցնել, նկարահանումներ անել եւ այլն »,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ներկայացված ծրագրերը դիվանագետները կփոխանցեն Թուրքիայի ԱԳՆ-ին ու կառավարությանն առընթեր մամուլի ու տեղեկությունների գլխավոր վարչությանը: Դրանք ուսումնասիրելուց ու համաձայնեցնելուց հետո կտրամադրվեն վիզաներ: Իսկ արդեն Թուրքիայում լրատվամիջոցների աշխատակիցները պետք է դիմեն վարչություն՝ ժամանակավոր մամուլի քարտ ստանալու համար, որն իրավունք կտա մասնագիտական գործունեություն իրականացնել հանրապետության տարածքում:
Այն լրագրողների համար, որոնք երկարաժամկետ գործուղման են մեկնում՝ ավելի քան կես տարի, վիզայի ձեւակերպման արարողակարգնը նույնն է մնում: Նրանք, առաջվա պես աշխատանքային վիզան կստանան Թուրքիայի դեսպանատանը, ու դրա հիման վրա փաստաթղթերը կհանձնեն՝ վարչությունից մամուլի քարտեր ստանալու համար:
Ինչպես նշում են նախարարությունից, ռուսական լրատվամիջոցների աշխատակիցների համար վիզաների ներդրումը պատասխան քայլ է՝ թուրք լրագրողների համար ռուսական կողմի ձեռնարկած նույնարժեք պայմաններին: