Իսլամը եւ շիականությունն Ադրբեջանում այն արժեքն է, որը կառավարությունը պետք է պահպանի:
Խամենեին Ալիեւին խորհուրդ է տվել հոգ տանել շիաների մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է իրանական MEHR լրատվական գործակալությունը, հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Խամենեին` փետրվարի 23-ին Թեհրանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ:
Խամենեին Ալիեւին խորհուրդ է տվել հոգ տանել Ադրբեջանում շիաների մասին:
«Ինքան շատ դա արվի, կառավարությունն այնքան շատ կստանա հասարակության աջակցությունը թշնամական տերութունների հետ դիմակայության մեջ», -ասել է Իրանի գերագույն առաջնորդը:
«Ժողովուրդները պետք է դիմակայեն թաքֆիրական (աստվածանարգ) խմբերին: Կառավարությունը պետք է ժողովրդին խրախուսի պահպանել կրոնական ծեսերը եւ այն, ինչ միավորում է ժողովրդին», -ասել է Խամենեին:
Ադրբեջանցի շիաների կենտրոն համարվող Նարդարան ավանում անցյալ տարվա նոյեմբերի 26-ին ՆԳՆ կողմից շիա հավատացյալների դեմ իրագործված բռնաճնշումների արդյունքում կալանավորվել էին Ադրբեջանի շիաների առաջնորդ Թալե Բաղըրզդեն եւ եւս 32 հավատացյալ: Ոստիկանների գործողություններից զայրացած Նարդարանի բնակիչների եւ ոստիկանության միջեւ բախումների հետեւանքով երկու ոստիկան եւ հինգ բնակիչ սպանվել էին: Հաջորդ օրերին իսլամիստների եւ ոստիկանության միջեւ բախումներ էին սկսվել նաեւ Ադրբեջանի շրջաններում` Գյանջայում, Լենքորանում եւ այլ քաղաքներում:
Իրանի հոգեւոր հայր Խամենեի ներկայացուցիչ այաթոլլա Մոջթահեդ Շաբեսթարին Նարդարանի իրադարձությունների հետ կապված հայտարարել էր, որ եթե Բաքուն Նարդարանում վերջ չդնի շիաների դեմ բռնաճնշումներին, Իրանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները կարող են վերանայվել: Իրանի խորհրդարանի անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հագիգաթփուրն էլ ադրբեջանական Նարդարան ավանում իրադարձությունները հեղափոխական շարժում էր բնութագրել (IRNA):
Բելգիայի Գենտի համալսարանի պրոֆեսոր Բրունո դե Կորդյեն, մեկնաբանելով նարդարանյան իրադարձությունները, ընդգծել էր, որ այդ առիթով Ադրբեջանի իշխանութունների նյարդայնությունը պայմանավորված է «արաբական գարնան» հոգեբանական ազդեցությանբ եւ Ուկրաինայում իրադարձություններով: «Նրանք անհանգստացած են, որ ինչ-որ նման բան կարող է տեղի ունենալ նաեւ իրենց մոտ», -ընդգծել էր բելգիացի պրոֆեսորը: