Լիբանանյան խորհրդարանի խոսնակը հերթական անգամ հետաձգել է նախագահի ընտրությունները:
Լիբանանի խորհրդարանը նախագահի ընտրությունները տեղափոխել է մարտի 23-ին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պետության ղեկավար ընտրելու նոր փորձը նշանակված է մարտի 23-ին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով լիբանանյան ազգային NNA գործակալությանը:
Գործակալության տվյալներով, երկրի նախագահ ընտրելու 36-րդ փորձը ձախողվել է քվորումի բացակայության պատճառով: Չորեքշաբթի նիստին 73 պատգամավոր է ներկայացել, մինչդեռ անհրաժեշտ նվազագույնը 86 պատգամավորն է:
Երկիրը քաղաքական ճգնաժամի մեջ է 2014-ի մայիսին պետության նախորդ ղեկավարի` Միշել Սուլեյմանի նախագահական ժամկետի ավարտից հետո: Լիբանանի սահմանադրության համաձայն, նախագահ կարող է լինել միայն խորհրդարանի կողմից ընտրված քրիստոնյա մարոնիթը: Մարոնիթները կաթոլիկական եկեղեցուն են պատկանում, նրանց համայնքների մեծամասնությունը Լիբանանում է ապրում: Երկրում այդ կրոնի հետեւորդները բնակչության մոտ 25 տոկոսն են կազմում:
Այսօրվա դրությամբ լիբանանյան խորհրդարանը գործնականում հավասար բաժանված է արեւմտամետ եւ սիրիամետ բլոկների միջեւ: Լիբանանի նախագահի պաշտոնի գլխավոր թեկնածու է համարվում գեներալ Միշել Աունը` «Հզբոլլահ» շիա խմբավորման քաղաքական դաշնակիցը: Աունի հիմնական մրցակիցը արեւմտամետ «Մարտի 14» բլոկի ներկայացուցիչ Սամիր Ջաադան է, որին աջակցում է սուննի «Ալ-Մուստակբալ» կուսակցությունը: